Բարձր միավորներով դուրս են մնացել, ցածրով՝ ընդունվել

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգից դժգոհող դիմորդներն ու նրանց ծնողները երեկ՝ հուլիսի 21-ին, բողոքի ակցիա անցկացրին նախ՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնի շենքի մոտ, ապա երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով։ Նրանք բողոքում են, որ դիմորդները բարձր միավորներ են հավաքել՝ 16, 17, 18, սակայն չեն ընդունվել բուհ, մինչդեռ ավելի ցածր միավոր հավաքածներն ընդունվել են:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում օրինակներով պարզաբանեց բարձր միավորներով դիմորդների դուրս մնալու հանգամանքը: «Եթե մեկն առաջին հայտով գրել է «Իրավագիտություն», մյուսը՝ «Քաղաքագիտություն», իսկ մեկ այլ դիմորդ գրել է «Միջազգային հարաբերություններ», նշանակում է՝ ամեն մեկը մրցում է տվյալ մասնագիտությունն ընտրած դիմորդների հետ: Առաջին հայտն անվճար, թե վճարովի՝ գերակա է մյուսների նկատմամբ»,- նշեց Նասիբյանը եւ հավելեց, որ մինչ այս տարի գերակա են եղել անվճար հայտերը, իսկ մնացած դեպքերում ըստ միավորների ընդունվել են: Նրա խոսքով՝ այժմ արված է այնպես, որ, օրինակ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմողները մրցում են իրար հետ: «Տեղերը փակվեցին, թափուր տեղ կմնա՝ մնացած հայտերը կաշխատեն: Օրինակ՝ «Քաղաքագիտությունից» թափուր տեղ մնաց, «Միջազգային հարաբերությունների» դիմորդը կարող է գնալ եւ մասնակցել քննությանը։ Եթե դիմորդն առաջին հայտով նշել է «Քաղաքագիտություն» եւ ստացել է 7,5 միավոր ու հաղթահարել է անցողիկ շեմը, պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա քննություն կանցկացվի»,- պարզաբանեց Նասիբյանը։ Դիմորդներն ու նրանց ծնողներն իրենց հերթին պնդում էին, որ ստեղծված իրավիճակի համար առաջինը ԿԳՄՍ նախարարությունն է մեղավոր, քանի որ, ըստ ակցիայի մասնակիցների, նախարարությունում կոմպետենտության խնդիր կա, իրենք էլ չեն հասկացել՝ ինչ են անում, եւ արդյունքում ահա թե ինչ ստացան։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք տեղեկացված չեն եղել, ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դիմորդները նախկին երեք առարկաներից քննություն հանձնելու փոխարեն կհանձնեն միայն մեկը՝ հայոց լեզվից։ «Միանշանակ վստահ ենք, որ այս ամենը չէր լինի, եթե մենք սովորականի նման մեր երեք քննությունները հանձնեինք։ Մենք մնացած երկու առարկաները պարապելու համար եւս գումար ենք ծախսել, գնացել ենք կրկնուսույցի մոտ, հետո հանկարծ տեղեկանում ենք, որ միայն մեկ քննություն ենք հանձնելու»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց դիմորդներից մեկը։
Մենք տեղեկացանք նաեւ, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքից դպրոցը ոսկե մեդալով ավարտած դիմորդ է եղել, որը հավաքել է 18.75 միավոր, սակայն որեւէ հայտով չի ընդունվել որեւէ բուհ։ ԱԺ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիային արձագանքեց միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Դիմորդների եւ նրանց ծնողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը խոստացավ հանդիպում-քննարկում նախաձեռնել, փորձել վերլուծել իրավիճակը։ Ծնողները պնդեցին, թե սպասվող քննարկմանն անպայման պետք է իրենք էլ մասնակցեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )