Բագրատ սրբազանի նամակը ԱԺ-ում՝ կալանքի և անպատասխան հարցերի մասին
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընթերցեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղարկված Բագրատ սրբազանի նամակը։
Նամակում սրբազանն իր դիրքորոշումն է ներկայացնում կալանքի վերաբերյալ։
«Տերն իմն է՝ լույսը և կյանքը, ես ումի՞ց վախենամ»,- ասվում է նամակում։ Նա ընդգծում է, որ ամբողջ կյանքում իրեն ուղեկցել է աղոթքը, և որ նա ընտրել է «մեր հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը»:
Բագրատ սրբազանը նաև անդրադառնում է անպատասխան թողնված հարցումներին. «Այս երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղարկել գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավարին, բայց մնացել են անպատասխան»,- նշում է նա։
Նամակում հստակ հարցեր են հնչում. «Ինչի՞ն է վերաբերվում երկու հոգու գնդակահարելու և 15 հոգու բանտ դնելու ձեր այդքան սիրված պատմությունը։ Եվ արդյոք ձեր ներկայացված ձայնագրությունները փորձաքննության ենթարկվել են, թե ոչ»։
Բացի այդ, սրբազանը նշում է՝ տեղեկություններ են հասել, որ «մեր գործն ինչ-որ ունի ռուսական հետքեր», և պահանջում է հստակ պատասխաններ. «Եթե առկա են, ապա ի՞նչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ ձեր իսկ նկարագրած ձայնագրությունները չէիք թարգմանի այլ լեզուներով»։
Նամակը եզրափակում է հետևյալ բարեմաղթանքով. «Կեցցե Արարատը, Սուրբ Էջմիածնով, Արցախով և մեր նահատակներով սրբագրված հավերժական Հայաստանը»։
Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ այս խոսքերը ներկայացվում են նաև ԱԺ պատգամավոր և հայրենիքի կալանավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։
