Արցախի նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունեմ և պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ. Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունն այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախագահի բոլոր թեկնածուների հետ ջերմ հարաբերություններ ունի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

«Բոլորի հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Պատրաստ եմ բոլորի հետ անկախ ընտրությունների արդյունքներից՝ համագործակցել: Իհարկե, սկզբունքայնության խնդիր չկա և մեր հիմնական առանցքը պետք է լինի Արցախը: Այդ համագործակցությունը միայն կոալիցիայով, խորհրդարանում կամ կառավարությունում պայմանավորվածություններով չպետք է լինի, այլ համատեղ աշխատելու, ընդհուպ մինչև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ: Բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ում նկատի ուներ, երբ համագումարի ժամանակ նշում էր, որ ի հեճուկս դավադիր տրամադրություններ ունեցողների՝ Հայաստանն ու Արցախն այսօր ավելի քան միասնական են, Արայիկ Հարությունյանն ասաց, թե բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանությունների քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են:

«Հասարակությանը պառակտելը հավասարազոր է դավաճանության: Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ քայլերն են, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձևավորված Արցախում և Հայաստանում, պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում»,- ասաց նա:

Մեկ այլ հարցի, թե արդյոք չի կարող լինել այլ կարծիք, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, թե խնդիրն այլակարծության հետ դա կապված չէ: «Նրանք ապակողմնորոշում են հանրությանը: Հայտարարում են, որ վարչապետը կամ իշխանությունները ծախում են (Արցախը – Tert.am), հանձնում են: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կարող են ասել, թե մենք կողմնակից ենք այս սկզբունքին, այս քաղաքական կուրսին, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որը չի կարելի, կարելի է անվանել դավադրություն, իսկ այլակարծությունը ողջունելի է»,- ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )