Ավելորդ քաշը կարող է կանանց հոգեկան առողջության համար վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ

Իռլանդիայի Կորկի համալսարանական քոլեջի Հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ գիրություն ունեցող միջին և տարեց մարդկանց մոտ դեպրեսիայի զարգացման վատանգն ավելի բարձր է: Ընդ որում՝ կանանց մոտ այս հոգեկան խանգարման զարգացման հավանականությունն էլ ավելի բարձր է:

Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 1800 չափահաս կամավորի տվյալները՝ փորձելով բացահայտել մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) որոշակի ցուցանիշի և հոգեկան առողջության առանձնահատկությունների միջև կապը: Նշվում է, որ բոլոր կամավորները բժիշկներին հասանելիություն են տվել իրենց բժշկական քարտերին և արյան թեստեր են հանձնել՝ գլիկոլիզացված հեմոգլոբինի և գլյուկոզայի մակարդակները գնահատելու համար: Գիտնականները նաև չափել են մասնակիցների հասակը, քաշը և գոտկատեղի շրջագիծը։

Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի ինդեքսի բարձր ցուցանիշը, որը վկայում է գիրության մասին, կապված է հոգեկան առողջության վատթարացման հետ: Մասնավորապես, գիրություն ունեցող միջին տարիքի անձանց և մեծահասակների մոտ ավելի հաճախ են դեպրեսիայի ախտանշաններ նկատվել։ Ընդ որում, այս կապն առավել ակնհայտ է եղել ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ։

Գիտնականների կարծիքով՝ հոգեկան առողջության նման վատթարացումը կարող է կապված լինել սոցիալական գործոնների հետ, ինչպիսին է ավելորդ քաշ ունեցող անձանց թիրախավորումն ու պիտակավորումը։

Share This