Ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի մեծ մասը արտաքին քաղաքական ուժերի տրամաբանության մեջ են. Ռուբինյան
Արտաքին քաղաքական ուժերը, որոնք չեն ուզում՝ Հայաստանը լինի անվտանգ եւ զարգանա, ուզում են քաոս ստեղծել Հայաստանի ներսում, եւ այս ընտրությունները փորձում են դրա համար օգտագործել, այդ 14 ուժերի մեծ մասը այս տրամաբանության մեջ են: Այդ մասին Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Պարոն Մարությանը 2018-ին եկել ու դարձել է ՔՊ անդամ, հետո առաջադրվել է կուսակցության ներսում որպես ապագա թեկնածու, ժողովուրդը մեզ ձայն տալով նրան ընտրել է քաղաքապետ: Մարությանն աշխատել է քաղաքապետ, չի լքել ՔՊ-ն, քննադատությամբ հանդես չի եկել, չի ասել, որ ՔՊ-ն դավաճանել է հեղափոխության արժեքներին, բայց մեկ էլ հանկարծ 2020-ի պատերազմի ավարտից հետո, երբ կրկին նույն տրամաբանությամբ հարձակում էր գնում բոլոր պետական եւ ժողովրդավարական ինտիտուտների դեմ, այդ նույն օրերին, երբ Արարատ Միրզոյանին փորձում էին սպանել, պարոն Մարությանը դիմում էր գրում կուսակցություն դուրս գալու համար: Ինչո՞ւ էր նա միայնակ թողել հեղափոխության արժեքները, պետական ինտիտուտները, ՀՀ ինքնիշխանությունը: Կարո՞ղ եմ ես ենթադրել, որ Մարությանն ինչ-որ կետում մտածել է, որ թերեւս իշխանությունը փլուզվում է, եւ մտածել է, որ գալու են այլ ուժեր եւ ինքը ոչ միայն չի ցանկացել մնալ փլատակների տակ, այլ նաեւ ցանկացել է իր ապագա համակարգում, ինչպես ինքը կասեր՝ սեւ համակարգում:
Նա ամեն օր հայտարարում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմելու: Ինձ մոտ տպավորություն է, որ ինքը անընդհատ վերահաստատում է իր պարտնյորներին, որ էս գծի մեջ եմ: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ՔՊ-ն չի էլ ուզում կոալիցիա կազմել եւ վստահ եմ, որ դրա կարիքը չի էլ լինի»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:
