Աստրախանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը
Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզում կյանքի 125-րդ տարում մահացել է Տանզիլիա Բիսեմբևան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի գյուղական համայնքի ղեկավարին։
Այս տարվա հունվար ամսից ռուս կինը համարվում էր աշխարհի ամենատարեց մարդը։ Նրա մասին գրառումները պահպանվում են Ռուսաստանի Ռեկորդների գրքում։
«Վերջին երեք ամիսներին արդեն վեր չէր կենում անկողնուց, կյանքից հեռացել է հոկտեմբերի 25-ին՝ հանգիստ պայմաններում։ Նրան հուղարկավորել են իր բնակավայրի գերեզմանատանը, որտեղ նա ապրել էր ողջ կյանքը»,- պատմել է համայնքի ղեկավարը։
Բիսեմբևան ծնվել է 1896 թվականին՝ դեռևս ցարական Ռուսաստանում, եղել է ամենամեծը ութ երեխաներից։ Նա մի քանի հեղափոխություն է տեսել, ինչպես նաև երկու աշխարհամարտերը, ԽՍՀՄ փլուզումը։
Նշվում է, որ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց բնակիչ է գրանցվել ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որն ապրել է 122 տարի և 164 օր։
Այժմ ամենատարեց բնակվող կինն աշխարհում՝ ըստ Գինեսի ռեկորդների գրքի ճապոնուհի Կանե Տանական։ Նա 116 տարեկան է։
