Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար Երևանում, ամբողջ ծավալը համակարգը քաշել էր. Կամո Արեյան

Մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևների ընթացքում հեղեղվել են մայթեր, փողոցներ, ստորգետնյա  տրանսպորտային հանգույցներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով հուլիսի 25-ի հորդառատ անձրևների հետևանքները։

Նրա խոսքով՝ 20 րոպեում տեղացել է հուլիսի տեղումների նորման կրկնակի գերազանցած չափաքանակներ։

«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, ամբողջ ծավալը համակարգը քաշել էր, բայց ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրեցին որոշակի խնդիրների։ Ջրային կուտակումների և դժվարանցանելի տեղանքների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- հայտնեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ խնդրահարույց էր դարձել Հաղթանակ կամուրջը, Քրիստափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի հատվածը և «Գործարանային» մետրոյի մոտ, իսկ փողոցներից ամենախնդրահարույցը Գյուրջյան և Օրբելի փողոցներն են։

Արեյանը նաև նշեց, որ 15 ծառերի և ճյուղերի տապալման դեպքեր են գրանցվել, էլեկտրասյուների մալուխների բռնկման ՝25 դեպք, տանիքների և ջրհորդան խողովակների խաթարման՝ 5 դեպք, քարաթափումների և փլուզումների՝ 4 դեպք։

Քաղաքապետի խորհրդականը վստահեցրեց, որ գույքագրվել են քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները։

«Պատրաստել ենք 50 հասցեների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը և այս պահին այդ ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ՝ 52.6 կմ-ի համար»,-հայտնեց Կամո Արեյանը։

Share This