ԱՆԹԱԼԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՕՂԱԿՆԵՐԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԴԱՐՁԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ». ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել օրերս Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի առանձին վարժություններում ։ Օլիմպիական փառատոնի հաղթողի կոչմանն են արժանացել Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը զրուցել է արդեն հայրենիք վերադարձած մեր երիտասարդ մարմնամարզիկ, երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն, 16-ամյա ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

– Շնորհավորում ենք, Համլետ, գեղեցիկ հաղթանակի առթիվ ։

– Շատ շնորհակալ եմ։ Նժույգթափեր վարժության ժամանակ, 13,233 միավորով զբաղեցրել եմ 4-րդ հորիզոնականը։ Սակայն, օղակների վարժությունում վաստակեցի 13,666 միավոր ու նվաճեցի ոսկե մեդալը։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։

– Համլետ, իսկ ինչ երազանքներ ունես։

– Երազում եմ նվաճել ամենաբաղձալին Օլիմպիական ոսկե մեդալը։ Անձնական մարզիչս Հայկ Նազարյանն է։

– Իսկ պետությունը որևէ կերպ օգնում է քեզ:

– Իհարկե, պետական աջակցություն ստանում եմ, գոհ եմ։ Նշեմ, որ այս տարվա ապրիլին էլ Թուրքիայի Անթալիա քաղաքում հաղթել եմ Օղակների վարժությունից ու դարձել Երիտասարդների Աշխարհի չեմպիոն։

– Շնորհակալություն, Համլետ մեզ ժամանակ տրամադրելու և քո տպավորություններով կիսվելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

– Ես էլ անչափ զգացված եմ, որ մշտապես լուսաբանում եք մեր նվաճումների մասին, կաշխատեմ նման գեղեցիկ հաղթական պահեր շատ պարգևել իմ հայ ազգին, մեր ազգը շատ ունի նման հաղթանակների կարիք։ Ձեր «Իրավունք» թերթին էլ հարատևություն, անխափան գործունեություն եմ մաղթում, միշտ հաղթական լուրեր լինեն էջերում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Share This