Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից չոր դուրս կգան
Հրապարակ» թերթը գրում է. Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։
Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։
Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։
Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո: «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։
Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:
