Ամուլսարի շուրջ մտահոգությունները շարունակում են մնալ արդիական


«Ամբիոն նյուզ»-ի  հարցերին պատասխանում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը

– Հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության և «Լիդիան Արմենիա» ընկերության մասնակցությամբ շահագործման հանձնվեց Ամուլսարի ոսկու հանքը։ Տարիներ շարունակ բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները բարձրաձայնել են հանքի շահագործման հնարավոր ռիսկերի մասին։ Մասնավորապես, ի՞նչ վտանգներ կարող է այն առաջացնել ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության և Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի համար։

– Ջերմուկը արդեն տասամյակներ շարունակ  ունի առողջարանային քաղաքի համբավ ոչ միայն ՀՀ-ում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Քաղաքին այսքան մոտ բաց հանքի շահագործումը կհանգեցնի Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք հեղինակազրկմանը և քաղաքում զբոսաշրջության տեմպերի նվազմանը։ Հանքում պայթեցման աշխատանքների արդյունքում ծանր մետաղներով հարուստ փոշու ամպերը քամիներով կհասնեն Ջերմուկ( որի նախադեպը ունեցել ենք), ինչն էլ կհանգեցնի բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների զարգացմանը։
Ոսկու կորզման ժամանակ կատարվում է խիստ թունավոր ցիանիդով լվացում բաց ավազաններում, ինչի արդյունքում ցիանիդը գոլորշիանում է, և թունավոր ամպերը տեղալով կարող են թունավորել շրջակա ջրերը։ Բացի այդ, չկան երաշխիքներ, որ ցիանիդի տարրալվացման ավազանի հատակի մեմբրանը ագրեսիվ նյութերի հետ փոխազդեցության, երկրաշարժի, կամ ռազմական գործողությունների արդյունքում ճեղքեր չի տա, որոնց միջով թունավոր նյութերը կխառնվեն գրունտային ջրերին( նման նախադեպեր աշխարհում եղել են), իսկ Ամուլսարի տակով անցնում է Որոտան-Արփա ջրատարը, որը, թեև չի գործում պաշտոնապես, բայց լեռան ստորգետնյա ջրերը, պատերից քամվելով, ջրատարով լցվում են Արփա գետը։ Այս ջրերի աղտոտման դեպքում կթունավորվի ոչ միայն Արփա գետի ավազանը, այլև Արփա-Սևան ջրատարով կթունավորվի Սևանա լիճը, ինչը տարածաշրջանային բնապահպանական աղետի կհանգեցնի։

– Կառավարությունն ու «Լիդիան Արմենիա»-ն հայտարարում են, որ հանքի շահագործման ընթացքում կիրառվում են միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաներ և անվտանգության լուծումներ։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ են այդ միջոցներն արդյունավետ բնապահպանական ռիսկերը կանխելու առումով, և արդյո՞ք դրանք լիովին բացառում են հնարավոր վնասները։

– Միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների մասին հայտարարությունները դեռևս բնապահպանական անվտանգության երաշխիք չեն։ Հանքի նախագծի վերաբերյալ տարիներ շարունակ մասնագետների և անկախ փորձագիտական գնահատականներում բարձրաձայնվել են ջրային ռեսուրսների, թթվային դրենաժի, կենսաբազմազանության և այլ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Մասնավորապես, 2019 թվականի ELARD և TRC գնահատումներում մատնանշվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատման թերություններ, որոնց վերաբերյալ հարցերը պահանջում են հստակ և համոզիչ պատասխաններ։
Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ հնարավոր վնասները կարող են անդառնալի լինել։ Հետևաբար, տեխնոլոգիաների արդյունավետության մասին հայտարարությունները չեն փարատում առկա մտահոգությունները և տարբեր մասնագետների, վերլուծությունների գնահատմամբ այդ ռիսկերը հնարավոր չէ կառավարել ցանկացած տեխնոլոգիաների կիրառման դեպքում։

– Եթե բնապահպանական կազմակերպությունները նախապես տեղեկացված լինեին հանքի շահագործման պաշտոնական մեկնարկի մասին, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք՝ հնարավոր ռիսկերը գնահատելու, հանրային վերահսկողություն իրականացնելու և բնապահպանական երաշխիքներ պահանջելու ուղղությամբ

– Ամուլսարի դեպքում հնարավոր ռիսկերը գնահատելու համար նոր մեկնարկի կամ լրացուցիչ առիթի անհրաժեշտություն չկա։ Տարիներ շարունակ բազմաթիվ մասնագետներ են խոսել հնարավոր բնապահպանական վտանգների մասին, հրապարակվել են վերլուծություններ և բարձրաձայնվել են մտահոգություններ։ Սակայն այս ամենին ի պատասխան՝ չկան և չեն էլ կարող լինել բնապահպանական երաշխիքներ, որոնք կփարատեին այդ մտահոգությունները։
Այսինքն՝ խնդիրը ռիսկերի մասին տեղեկությունների կամ գնահատականների բացակայությունը չէ։ Դրանք վաղուց ներկայացվել և բազմիցս քննարկվել են։ Խնդիրն այն է, որ առկա ռիսկերը, վերահսկելի չեն, իսկ դրանց հնարավոր հետևանքները կարող են անդառնալի լինել։
Հետևաբար, եթե հանրությունը տեղեկացած լիներ  շարունակելու էր իր արդար պայքարը. – Հանքի շահագործման պաշտոնական արարողության մասին հանրությունը տեղեկացել է հենց դրա անցկացման օրը։ Ինչո՞վ եք պայմանավորում հանրության և բնապահպանական կազմակերպությունների՝ նախապես տեղեկացված չլինելը։ Արդյո՞ք այս հանգամանքը չի սահմանափակում հանրային մասնակցության և վերահսկողության հնարավորությունները։

– Հանքի բացման մասին նախապես չհայտարարելը լուրջ հարցեր է առաջացնում։ Մեր գնահատմամբ՝ նման քայլի պատճառներից մեկը կարող էր լինել հանրային բողոքի հնարավոր ալիքից և տեղի բնակիչների դիմադրությունից խուսափելու ցանկությունը։ Տեղեկության տարածումից հետո հանրային դժգոհությունն ու արձագանքները ցույց տվեցին, որ Ամուլսարի հարցը շարունակում է մտահոգել մարդկանց։
Հանրությանը և բնապահպանական կազմակերպություններին նախապես տեղեկացնելը հնարավորություն կտար նրանց արտահայտելու իրենց դիրքորոշումը, բարձրաձայնելու մտահոգությունները և կազմակերպվելու՝ իրենց պահանջները ներկայացնելու համար։ Երբ նման միջոցառման մասին հանրությունը տեղեկանում է միայն դրա անցկացման օրը, հանրային մասնակցության և վերահսկողության հնարավորությունները փաստացի սահմանափակվում են։
Միևնույն ժամանակ, նման արարողությունները կարող են հասարակության մի մասի մոտ ստեղծել այն տպավորությունը, թե հանքի շահագործումն արդեն կայացած փաստ է, և այլևս որևէ բան փոխել հնարավոր չէ։ Սա կարող է հիասթափություն առաջացնել և թուլացնել մարդկանց ակտիվությունը։ Մինչդեռ Ամուլսարի պատմությունը ցույց է տվել, որ նախկինում ևս եղել են հանքի շահագործման մեկնարկի փորձեր։ Դրանց արդյունքներն արդեն ինքներդ գիտեք։
Հետևաբար, նման արարողության անցկացումը չպետք է ընկալվի որպես հարցի ավարտ։ Ամուլսարի շուրջ բնապահպանական մտահոգությունները, հանրային վերահսկողության անհրաժեշտությունը և տեղի բնակիչների դիրքորոշումը շարունակում են մնալ արդիական։

Անաստասիյա Հարությունյան։

Share This