ԱՄՆ-ում լողորդը մահացել է լճում վտանգավոր ամեոբայով վարակվելուց հետո
ԱՄՆ Միսսուրի նահանգում լողորդը մահացել է լճում նյարդային համակարգն ախտահարող ու առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ առաջացնող ամեոբայով վարակվելուց հետո։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով առողջապահական համակարգի ներկայացուցչին։
Տղամարդն անհապաղ հոսպիտալացվել է և սկսել է բուժում ստանալ ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեմ, սակայն նրա կյանքն, այնուամենայնիվ, փրկել չի հաջողվել։
Այս հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում, սակայն այն շատ վտանգավոր է և հաճախ է մահվան ելք ունենում։ Դրա առաջին ախտանշաններն են սաստիկ գլխացավերը, տենդը, սրտխառնոցը, փսխումը, պարանոցի մկանների կարծրությունն ու ջղաձգումները։ Վիճակագրական տվյալներով՝ 1962-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Naegleria fowleri ամեոբայով վարակման 154 դեպք, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել վարակվածներից միայն 4-ի կյանքը։
