Ամենաարդյունավետ բնական միջոցները կոկորդի ցավը մեղմելու և հարբուխի մյուս ախտանշաններից ազատվելու համար
Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս հիվանդությունը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար:
Հարբուխի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, կոկորդի ցավը, հազն ու փռշտոցը, որոնցից ազատվելու համար մարդիկ հաճախ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ խնդրի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով, որոնք շատ ավելի անվտանգ են ու հասանելի։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն առանց դեղամիջոցների հեշտությամբ մեղմել կոկորդի ցավն ու հարբուխի այլ ախտանշանները։
Աղ
Հասարակ աղաջրով կոկորդը ողողելն ամենաարդյունավետ ու փորձված միջոցներից մեկն է, որն օգնում է բուժել բորբոքված կոկորդն ու մեղմել ցավը։ Այն անվտանգ է և շատ արագ ու արդյունավետ կերպով մաքրում է կոկորդը կուտակված վնասակար բակտերիաներից։ Պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրում լուծել կես թեյի գդալ աղ և ստացված լուծույթն օգտագոծել կոկորդի ողողումներ անելու համար։
Մեղր
Այս բնական մթերքն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ հիանալի միջոց է մրսածության դեմ պայքարի համար։ Այն զգալիորեն մեղմում է կոկորդի ցավը, նվազեցնում է բորբոքման մակարդակն ու հանգստացնում է գրգռված հյուսվածքները։ Մեղրի օգնությամբ ցավը մեղմելու համար հարկավոր է երկու ճաշի գդալ մեղրը լուծել մի բաժակ գոլ ջրում և խմել ստացված լուծույթը։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական առնվազն հինգ անգամ։
Երիցուկի թեյ
Իր կապող, հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկության շնորհիվ երիցուկի թեյը կարող է շատ արդյունավետ լինել մրսածության տհաճ ախտանշանների, այդ թվում՝ կոկորդի ցավի, հազի ու փռշտոցի դեմ պայքարում։ Թեյը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ չորացրած երիցուկը հինգ րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև խմել ստացված թեյը։
Կիտրոն
Կիտրոնն օգնում է ջրիկացնել խորխն ու մեղմել կոկորդի ցավը։ Այս ցիտրուսային միրգը հարուստ է վիտամին С-ով, որն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում է խթանել ապաքինման գործընթացը։ Պարզապես հարկավոր է մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնել մի բաժակ գոլ ջրին ու մանր կումերով խմել ստացված ըմպելիքը։
Կերակրի սոդա
Սոդայի լուծույթով ողողումներն արդյունավետ կերպով կանխում են սնկերի ու խմորասնկերի աճը կոկորդում՝ դրանով իսկ կանխելով վարակի հետագա տարածումը։ Պարզապես հարկավոր է մի բաժակ ջրում լուծել ¼ թեյի գդալ կերակրի սոդա և ⅛ թեյի գդալ աղ, այնուհետև ստացված լուծույթով ողողել կոկորդը։ Ողողումները հարկավոր է անել յուրաքանչյուր երեք ժամը մեկ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են հիվանդության զարգացման սկզբնական շրջանում տհաճ զգացողությունները մեղմելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, երբեմն մրսածությանը բնորոշ ախտանշանները պայմանավորված են լինում շատ ավելի վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
