Ամանորյա տոների սիրահարը վարել է միացված էլեկտրական լույսերով պատված մեքենան

Ամերիկյան Վայոմինգ նահանգի ոստիկանությունը բնակիչներին հիշեցրել է այն մասին, որ Սուրբծննդյան տոներին պետք է զարդարել տները, ոչ թե ավտոմեքենաները այն բանից հետո, երբ կանգնեցվել է մի վարորդ, որի մեքենան լուսավորված էր էլեկտրական լույսերով, տեղեկացրել է UPI-ն։

Վայոմինգի ճանապարհային պարեկը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որի վրա պատկերված է Ford Mustang-ը, որը կանգնեցրել է ոստիկանը, երբ նկատել է, որ ողջ մեքենան զարդարված է բազմագույն լույսերով՝ տոների  առնչությամբ։

Նահանգի օրենքում նշված է, որ «ոչ ոք չպետք է վարի կամ տեղափոխի որեւէ տրանսպորտային միջոց կամ սարքավորում ցանկացած ավտոճանապարհով, որեւէ լույսով կամ սարքով, որոնք կարող են կարմիր կամ կապույտ լույս արձակել, որը կերեւա այդ տրանսպորտային միջոցի կենտրոնի առջեւ»։

Նահանգի ոստիկանությունում հայտնել են, որ չնայած մեքենայի զարդարանքը «կարող է զիլ եւ տոնական թվալ, մենք կցանկանայինք հիշեցնել ձեզ, որ դա անօրինական է։ Խնդրում ենք, հիշեք զգուշությունը պահպանելու անհրաժեշտության մասին այս սեզոնի տոների ժամանակ»։

Share This