Ալ-Ազհարի Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը

Կահիրեում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող համագործակցության կապակցությամբ, որի լավագույն դրսևորումն էր փետրվարին Եգիպտոսի նախագահի առաջին այցը Հայաստան:

Միրզոյանը և Ալ-Ազհարի Գերագույն Իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականութան և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:

Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները:

Իր հերթին Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին»,- ասվում է հաղորդագրությունում:

Share This