Ալյումինե կափարիչներ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. խոստանում է 2 մլրդ դրամի ներդրումներ անել
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» փակ բաժնետիրական ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1․4 մլրդ դրամը սարքավորումների (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) 373 մլն դրամը արտադրական նոր մասնաշենքի վերակառուցման, 158․4 մլն դրամը հումքի ձեռքբերման և 61․7 մլն դրամը պահեստամասերի, գործիքների և ծախսանյութերի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 33 աշխատատեղ 414 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 40-ի՝ 468 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 269․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։
