Ազնավուրի թանգարան, <<Դվին>> հյուրանոց, մատչելի մուտք. Քաղաքաշինական խորհրդի նիստը
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը:
Նիստի օրակարգում ընգրկված էր հինգ հարց:
Խորհրդի անդամները մերժել են «Դվին» հյուրանոցային համալիրի ընդլայնման նախագիծը, որով առաջարկվում էր գոյություն ունեցող շենքի երկու կողմերում ունենալ նոր կառույցներ:
Խորհուրդը ձսայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր կենտրոն»-ի վերակառուցման ներկայացված առաջարկը: Փոխարենն առաջարկվեց գոյություն ունեցող շենքի տեղում, նույն ծավալներով նախագծել շինության նպատակին հարիր և քաղաքի առանցքային հատվածին համահունչ նոր շենք: «Ազնավուր հիմնադրամի» դրական կարծիքի դեպքում քաղաքային իշխանությունը կաջակցի, որպեսզի նոր կառույցը հնարավորինս սեղմ ժամկետում սկսի ծառայել որպես ինտերակտիվ նորարարական թանգարան և կրթամշակութային համալիր:
Խորհրդում արդեն մեկ անգամ քննարկվելուց ու հանրային քննարկման դրվելուց հետո երկրորդ անգամ քվեարկության է դրվել և խորհրդի հավանությանն է արժանացել Աջափնյակում գտնվող Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը, ինչից ելնելով 12 հարկայնությամբ շենքի առաջադրանքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ և կավելացվի ավտոկայանատեղիների քանակը:
Խորհուրդը հավանություն է տվել նաև Շենգավիթում Գ. Նժդեհ փողոցի 15/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման առաջարկին: Շենքը առաջարկված 13-ի փոխարեն կունենա 9 հարկ: Կառուցապատողը պարտավորվել է բարեկարգել և հարմարավետ միջավայր ստեղծել բակային տարածքում, որը կծառայի նաև հարակից շենքերի բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ճակատային մուտքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու հարցի քննարկման արդյունքում որոշվեց, որ առաջիկայում ճարտարապետները կմշակեն համատեղ նոր առաջարկ:
