Ազգայինի դեմ քայլերով Փաշինյանի իշխանությունը կարող է համահայկական զայրույթ առաջացնել

Հայաստանյան հասարակական-քաղաքական օրակարգում ակտիվորեն շարունակվում են հայագիտական դպրոցական առարկաների հետ կապված իշխանությունների ինքնակամ ու ինքնահնար «վերաձեւումների» հետ կապված քննարկումներն ու բանավեճը։ Հասկանալիորեն հարցն այլեւս դուրս է զուտ կրթական լինելուց եւ դարձել է հասարակական եւ երբեմն էլ՝ քաղաքական օրակարգի մաս։
Եթե իշխանությունները առաջնորդվում են դեռ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հռչակված «ազգայինը կեղծ կատեգորիա է» թեզով, ապա վերջիններիս քննադատողները փորձում են պայքարել հանուն այն բանի, որ ազգային ինքնության մաս կազմող, հայեցի կրթադաստիարակչական համակարգի հենասյուներից հանդիսացող հայագիտական առարկաները չկորցնեն իրենց բովանդակության կարեւոր բաղադրիչներից մեկը, որի օգնությամբ ապահովում են ազգային ինքնության հարատեւումը։ Ինչ խոսք հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։
Գուցե տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանություններն ու անձամբ ԿԳՄՍ նախարարությունը Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ավելի մեծ ծառայություն չկարողանային մատուցել հանրությանը, քան այս հարցերը օրակարգ բերելն էր։ Բանն այն է, որ այս հարցերը օրակարգ բերելով, նրանք դիպչում են Հայ ժողովրդի, հայաստանյան հասարակության այնպիսի նուրբ ու զգայուն նյարդային լարերի, ինչպիսիք են ազգապահպանությունը, հայապահպանությունը եւ ազգային ինքնությունը։
Այս ամենի հանդեպ Հայ ժողովուրդը չափազանց նախանձախնդիր վերաբերմունք ունի եւ ԿԳՄՍ նախարարությունը, Արայիկ Հարությունյանն ու ընդհանրապես, ազգային, ազգ, հայրենիք, հայրենասիրություն բառերից «խրտնող» մանկուրտ իշխանությունները ստիպում են, որ տեղի ունենա ժողովրդի մոտ ազգային-հայրենասիրական զարթոնք։ Նախադեպերը բազմաթիվ են, սկսած «Արաբական գարնունից», երբ գունավոր հեղափոխություններով իշխանության եկած խմբերը իրենց գործողություններով առաջացրել են տեղի էթնիկ խմբերի զայրույթն ու ազգային զարթոնքի կամ վերազարթոնքի խթան դարձել։ Սակայն միաժամանակ նաեւ սա ունի բավական լուրջ խնդիր եւս։
«Արաբական գարնունը» ուսոմնասիրող շատ մասնագետներ նաեւ ժամանակակից ծայրահեղականությունը այդ երկրներում կամ ռեգիոնններում կապում են Արեւմուտքի իրականացրած գլոբալիզացիոն համահարթեցման կազմաքանդ քաղաքականությանը դիմակայելու տեղի ժողովուրդների էթնիկ ներուժի արթնացման հետ։ Խնդիրը թերեւս սա է, որ այս կերպ հանկարծ նմանատիպ ռադիկալ տրամադրություններ չառաջանան նաեւ Հայաստանում, այլապես կարելի է պատկերացնել, թե ինչի կարող է վերածվել առայժմ բանավեճի կամ քննարկման տիրույթում գտնվող հարցը։ Արդեն այս առումով, իշխանությունը համահայկական-համազգային զայրույթի պոռթկման կրակի հետ է խաղում, ինչը չափազանց վտանգավոր է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )