ԱԶԳԱՄԵՏ ՄՈԼՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ, ԱՌԱՋՆՈՐԴՎԵՔ ԱՐԱՄ Ա-Ի ՀՈՐԴՈՐՆԵՐՈՎ
Տարիներ շարունակ՝ վեհանձնության ու ազգին նվիրյալության էտալոն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապարդյուն հորդորներ է հղում առ մոլորյալ ՀՀ քաղաքացիներ, քաղաքական ու պետական գործիչներ:
Վերջին հորդորը, թեև ազերիների վերջին ագրեսիային հետևած զարգացումների առնչությամբ է, այնուամենայնիվ. այն բյուրեղացված, ադամանդակուռ կողմնորոշիչ է, որն ազգին կուղղորդի ճշմարիտ ճանապարհ.
1. «Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ»:
2. «Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն՝ վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»
Առաջինը ենթադրում է այլ պետությունների արժեքներին ու շահերին ըմբռնումով ու հարգանքով մոտենալու պարագայում՝ գիտակցել, որ դրանք ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են հայ ազգի արժեքներն ու շահերը, ինչ համար պետք է պայքարել, լինել անզիջում: Միայն այդ դեպքում այլ պետությունները նույնպես ըմբռնումով կմոտենան ու եթե չհարգեն, ապա չեն կարողանա անտեսել:
Երբ հայ ազգի արժեքների ու շահերի անտեսմամբ, ոտնահարմամբ, երկխոսության և ճկունության կոչ է արվում, ապա դրանք պետք է անտեսել: Եթե վտանգվում է հայ ժողվրդի՝ իր պատմական տարածքում անկախ ու անվտանգ ապրելու բնական իրավունքը, եթե պարբերաբար բռնազավթվում են ազգի գոյատևման ու զարգացման համար կենսական տարածքները, ապա խոսք չի կարող լինել երկակի ստանդարտներով կիրառվող այսպես կոչված միջազգային իրավական նորմերի մասին: Եթե այդ նորմերը հարգվեին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կամ կիրառվեին դրանց առնչությամբ, ապա այդպիսի պետություններ չէին լինի:
Ցնորամտություն է իրավապաշտ լինելը, երբ տևական ժամանակ ազգին ցեղասպանում են, տեղահան անում իր պատմական հայրենիքի տարածքներից, իսկ այժմ խոսքը վերաբերում է նրան վերջնականապես տարածաշրջանից դուրս մղելուն:
Ինչպե՞ս է հնարավոր բանակցություններ վարել պատերազմական հանցագործների, ահաբեկիչ պետությունների, ի վերջո, կնոջ մարմինն անդամահատող մարդագայլերի հետ, ինչին պարտադրում են գերտերությունները: Դրանով նրանք արդարացնում են իրենց իսկ կողմից ստեղծված միջազգային հարաբերությունների իրավական կարգավորումների անտեսումները, ուժի կիրառումը, ուժի գործադրմամբ տարածքների անեքսիան: Հիմա էլ ասում են, թե տվեք ՀՀ հարավը, որպեսզի «մի ազգ՝ երկու պետությունները» միավորվեն: Գուցե, հակառա՞կն արվի. Ղարաբաղն ու Նախիջևանը վերադարձվի հայ ժողովրդին, որպեսզի միջանցքների անհրաժեշտությունը վերանա, Լաչինի արհեստածին միջանցքը՝ հատկապես:
Գագիկ Վարդանյան
