В6 վիտամինի ավելցուկը կարող է վնասել նյարդային համակարգի մանրաթելերը.
Վիտամին B6-ի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել պերիֆերիկ նեյրոպաթիա՝ ծայրամասային նյարդային համակարգի մանրաթելերի վնասում: Այս մասին The Conversation-ին հայտնել են Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի իմունաբանության ամբիոնի աշխատակիցները։
Վիտամին B6-ը (նաեւ հայտնի է որպես պիրիդոքսին) վեց միացությունների խումբ է, որոնք ունեն նման քիմիական կառուցվածք: Այս կարեւոր սննդանյութն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար, բայց մարդու օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել այն, ուստի B6-ը ստանում է սննդից (կենդանական ծագման մթերքներ, ընկույզներ, կարտոֆիլ, վարսակի ալյուր) կամ հավելումներից:
Պիրիդոքսինը ակտիվ չէ սննդամթերի մեջ: Վիտամին B6-ն ակտիվացնելու համար լյարդը այն վերածում է պիրիդոքսալ-5-ֆոսֆատ (PLP) կոչվող միացության: Այս ձեւով վիտամինն օգնում է օրգանիզմին կատարել ավելի քան 140 բջջային գործառույթ, ներառյալ սպիտակուցների սինթեզը եւ քայքայումը, արյան կարմիր բջիջների արտադրությունը, արյան մեջ շաքարի կարգավորումը եւ ուղեղի աշխատանքին աջակցելը:
Գիտնականների խոսքով՝ 19-50 տարեկան մեծահասակների համար անհրաժեշտ է օրական 1,3 միլիգրամ վիտամին B6: Առաջարկվող չափը ավելի ցածր է դեռահասների եւ երեխաների համար եւ ավելի բարձր 51 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց (1,7 միլիգրամ տղամարդկանց եւ 1,5 միլիգրամ կանանց համար) եւ կրծքով կերակրող եւ հղի կանանց համար (1,9 միլիգրամ):
Խորհուրդ չի տրվում գերազանցել այս չափաբաժինները, քանի որ արյան մեջ վիտամին B6-ի կուտակումը հանգեցնում է վիճակի, որը կոչվում է պերիֆերիկ նեյրոպաթիա: Դա տեղի է ունենում, երբ զգայական նյարդերը, որոնք գտնվում են ուղեղից եւ ողնուղեղից դուրս եւ տեղեկատվություն են փոխանցում կենտրոնական նյարդային համակարգին, վնասվում են եւ դադարում գործել։ Պերրիֆերիկ նեյրոպաթիան ուղեկցվում է տարբեր աստիճանի զգայական խանգարումներով, ցավով, մկանային թուլությամբ եւ ատրոֆիայով:
Գիտնականները նշել են, որ B6-ի հիպերվիտամինոզի ամենատարածված ախտանշաններն են թմրածությունն ու քորը, թեեւ որոշ դեպքերում պացիենտները կարող են զգալ հավասարակշռության կամ քայլելու հետ կապված դժվարություններ:
