Ֆեդերացիայից թող ճշտեն ինչ գումարների մասին է խոսքը, դատարանները թող որոշեն․ Խորեն Հովհաննիսյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։ Տվյալ պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության։
Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, եւ իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան -Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, եւ այդ աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին հատկացվել են գումարներ: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության վարկածի, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Ըստ նույն, աղբյուրի, իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, որի մի մասը, ըստ ոստիկանության, յուրացվել է:
«Հրապարակի» հետ զրույցում ՀՖՖ նախագահի թեկնածու, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը անդրադառնալով թեմային նշեց․ «Ես այդ ամենի հետ կապ չեմ ունեցել, ֆեդերացիայում չեմ եղել։ Ֆեդերացիայից թող ճշտեն ինչ գումարների մասին է խոսքը, դատարանները թող որոշեն։ Դուք գիտեք՝ ովքեր են ղեկավարել ֆուտբոլը, թող իրենք որոշեն՝ ով ինչ է արել այս ընթացքում, շարունակությունը ոնց պետք է լինի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )