ՏԱԳՆԱՊՆԵՐ ՄԱՅՐԵՆԻԻ ՀԱՄԱՐ

Պրոդուկտ ունենք, որ քավըր ա անում…

Կարծում եմ, շատերն են բախվել այս խնդրին՝ գնում ես հանդիպման-քննարկման, իսկ երիտասարդ, ժամանակակից աշխարհի հետ լիովին համաքայլ բանախոսը խոսում է մի լեզվով, որն անուն չունի: Ո՜չ անգլերեն է, ո՜չ հայերեն: Գնա, ինչպես կուզես հասկացիր: Կամ՝ ինչ կուզես հասկացիր: Բայց սովորաբար վերջում մեծ մասը էդպես էլ ոչինչ չի հասկանում եւ ներկաներից ոմանք թախանձագին խնդրում են. «Կասե՟ք նույնը մեզ համար հասկանալի լեզվով»:

«Չէ, շատ իզի ա, տեսեք՝ երկու key ա ստանում իրա address-ին: Հեշավորման ալգորիթմի միջոցով բարձրացնում ա լեւըլը ու պրոդուկտի շնորհիվ քավըր ա անում…»: Լավ, ես չէ, դուք ասացեք՝ սա ինչի նման է: Գուցե ավելի լավ է հենց անգլերեն էլ ներկայացնեն ասելիքը: Թե չէ միաժամանակ երկու լեզու աղավաղել-աղճատելով ուր կհասնենք:

Մինչդեռ, հայտնի է՝ մեր «ճկուն բարբարոս» լեզուն ի վիճակի է ժամանակակից եզրույթների համազորները շատ արագ ստեղծել: Տեսեք՝ համակարգիչը, կրիչը, առցանցը, ծրագրակազմը… ինչ ընդգրկուն եւ էությունը լիովին բացահայտող-բնութագրող բառեր են: Բոլոր լեզուները չէ, որ կարող են էսպես՝ թեթեւ, սահուն, արագ, ճշգրիտ «իրենցով անել» ՏՏ նորությներն ու նորարարությունները: Սակայն մեզնից շատերը նախընտրում են հեշտ ճանապարհը՝ պարզապես «սքան» կամ «քոփի-փեստ» են անում արտահայտություններն ու բառակապակցությունները, որոնք մարդու ականջ են ծակում: «Ֆուլ» են ծակում: Ու դառնում են մեր օրերի կատարյալ «թոքեն»՝ խորհրդանշան, թանձրացական ու…բութ:

Կարծում եմ բոլորս ենք հոգնել միջազգային ծրագրերի «դեդլայններից», ասես վերջնաժամկետը ինչ-որ բանով պակաս է, որ խելքդ ու փաստաթղթերդ ի մի ժողովես, դիմելու համար: Ազգովի աչք չենք բացում քաղաքի կենտրոնում դժվար «փարքինգից», «պրեզենտացիաներից», «պրոմոտուրերից», «չեքին» լինելուց, կանխադրված «բայ դիֆոլտից»: Այս ամենն ակամա հիշեցնում են խորհրդային տարիները, երբ  «ուգոլի մագազինում կալբասՏ» էին վաճառում: Ի դեպ, երբեմն պատահում է, որ «ինգլոարմինընին» գումարվում է նաեւ ռուսերենն ու խճողակն «անթերի» է դառնում՝ «վաբշե», «սուպեր», «շեդեւըր»:

Ճիշտ հասկացեք: Սիրում ու հարգում եմ աշխարհի բոլոր լեզուները՝ սկսած մյաո-յաոների ընդամենը 200 բառ պաշարից: «Վաաաու», – գուցե անգլերեն զարմանաք դուք, – «Ընդամենը 200»: Իսկ ես կպատասխանեմ ժամակակակից խեղումով. «Օքեյ ա, եթե իրենց հարմար ա, մեզ համար լավ ա ու լավ, կլյովո, քուլ»: Բայց սրա վերջը ինչ է լինելու:

«Էնի վեյ», անշուշտ՝ անգլերենը աշխարհի հետ ներդաշնակ ապրելու անփոխարինելի ճանապարհ է: Բայց դրա իմացությունը պետք է հիմնված լինի մայրենիի անթերի-անաղարտ-անսասան-անխաթար տիրապետման վրա: Մինչդեռ, մայրենին անխնա, մեծ եռանդով խարխլում են բոլորիս անտարբեր աչքերի առջեւ: Անդառնալիորե՞ն: Տագնապում եմ…

Հ.Գ. Հիմա կասեք՝ մեծ հոգսերը թողած ինչի ետեւից է ընկել: Բայց չէ որ մեր ազգային դիմագիծը կերտող երեք կարեւորագույն գործոններից մեկն էլ լեզուն է: Հայրենի հողի եւ Հայ Առաքելական եկեղեցու հետ հավասար-զորեղ վահան…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )