Չնայած վարչապետի կոչին, մեկնում են արտերկիր՝ Ամանորը դիմավորելու
Ամանորյա տոնակատարությունների վրա ծախսվող շուրջ 1 մլն դոլարը իշխանությունը հպարտ քաղաքացիներին բացատրեց տուրիզմը զարգացնելու ու ռաբիսի ենթամշակույթն արմատախիլ անելու նպատակներով։ Ենթադրվեց, որ սփյուռքը, նաեւ՝ օտարերկրացիները, Բրեգովիչի համերգից ու Փաշինյանի կոչերից ոգեւորված՝ Հայաստանում Ամանորը կանցկացնեն։
Իսկ այն հարցի պատասխանը, թե որքանով են արդարանում Փաշինյանի ու թիմի հույսերը, այսինքն՝ բոլորը մնո՞ւմ են Հայաստանում, փորձեցինք ստանալ տուրիստական կազմակերպություններից։ Պարզվում է՝ հայերը, ինչպես առաջ, շարունակում են Ամանորին մեկնել։
«Գլոբուս տուրս» տուրկազմակերպության մենեջեր Ռոզան ասաց․ «Ամեն տարվա գնացողները գնում են, մնացողները մնում են։ Փոփոխություն չկա՝ ո՛չ ավելացում կա, ո՛չ պակասեցում»։ Հայերի ամանորյա «կլասիկ» ուղղություններն են Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն։ Ինչ վերաբերում է էկզոտիկ՝ Բալի եւ այլ ուղղություններին, ապա քիչ փաթեթներ են գնվում, քանի որ հեռու են, ու ավիատոմսերն Ամանորին հատկապես թանկ են։ «Ախթամար տուրից» մենեջերը եւս նույնը հայտնեց՝ պարզաբանելով, որ եթե այստեղ տոնելու համար ահռելի գումարներ չպահանջվեին, 60 տոկոսը չէր մեկնի։ Այս ընկերությունն Ամանորին հայաստանցիներին առաջարկում է նաեւ Արեւմտյան Հայաստան ու Երուսաղեմ ուղղությունները։ «Սպիննակեր գրուպ»-ի մենեջերը եւս հայտնեց, որ վարչապետի ասածը որեւէ փոփոխություն չի բերել․ «Ով որ մեկնում է, մեկնում է, իսկ ով չի մեկնում, կմնա՝ հրապարակում կտոնի»։ Իսկ «Բիլետիկս» տուրգործակալությունից Դավիթ Մուրադյանն ասաց, որ ավելի ակտիվ են մեկնում։ Նա հայաստանցիների սիրած ուղղություններին ավելացնում է նաեւ Վրաստանը։ Մենեջերներից մեկն էլ հաստատեց, որ նաեւ գալիս են ու նախորդ տարիների համեմատ՝ մի քիչ ավելի շատ։ Չնայած չի կարծում, թե կոչից հետո է այդպես։ Այս տվյալներն ամեն ամիս ամփոփվում են «Զվարթնոց» օդակայանի կողմից ուղեւորափոխադրումների մասով, սակայն այս տարի դեկտեմբերի 31-ն ավարտվում է երեքշաբթի օրը, եւ տվյալները դեռ պատրաստ չեն։ «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, ասաց, որ դեկտեմբերի 30-ին սպասում են, որ 2019 թ․ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից տարվա ընթացքում սպասարկվող ուղեւորների թիվը կհասնի 3 միլիոնի շեմին՝ նախորդ տարվա 2 միլիոն 690 հազար 727-ի փոխարեն։
Հարցին, թե ինչի հիման վրա են նման սպասումները, Հովհաննիսյանը պատասխանեց՝ կան չվերթների ու ուղեւորների հաշվարկներ, եւ այսօրվա դրությամբ «Զվարթնոցն» արդեն սպասարկել է 2 մլն 900 ուղեւոր, մնացել է հարյուրքանի ուղեւոր։
Հայաստանում բնակարաններ ու հյուրանոցներ ամրագրող Armhotels.am կայքից հաստատեցին, որ ուղեւորահոսքերի ավելացում լինելու է, քանի որ, ըստ ներկայացված տեղեկատվության, Հայաստանի հյուրանոցների 99 տոկոսն ամրագրված է։ Ըստ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ՝ մարզերին։
ՀԳ․ Տեղեկացրել էինք, որ նախորդ տարի պետական ապարատին խստիվ հրահանգ կար՝ «հանգիստ նստել տեղները»՝ մնալ Հայաստանում, ինչին չանսալը Սուրեն Քրմոյանի ու եւս մի քանիսի վրա թանկ՝ պաշտոնանկությամբ արժեցավ։ Այս տարի ավելի խիստ է, եւ եթե նախորդ տարի «հրամանը» վերաբերում էր նախարարներին, փոխնախարարներին ու բարձրաստիճաններին, ապա այս տարի արդեն նախարարությունների վարչության պետերն են վախենում մեկնել։