Նոր քաղաքապետի ամանորյա առաջին ուղերձը եւ խոստումները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ամանորյա ուղերձը

Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում:

Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում:

Որպես հետպատերազմյան տարի, 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով:

Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022-թ.-ի մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական և հիմնավոր լուծումների կարիք ունեն: Մեր գործելակերպի հիմքում լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ: Սիրելի երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը:

Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի: Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )