Մի իրի պատմություն. ատամի մածուկ
Ենթադրվում է, որ ատամի մածուկի հայտնագործողները եղել են հին եգիպտացիները։ Նրանց ձեռագրերի մեջ գտել են մածուկի բաղադրատոմսի նկարագրություն, որը գրվել է մոտավորապես մ․թ․ա․ 5000-3000 թվականներին։ բաղադրատոմսը բաղկացած է եղել գինու քացախից, պեմզա քարից և մոխրից, որը ստացվել է ցլի ներքին օրգանները այրելուց։ Հին Հնդկաստանում գոյություն ուներ ծիսական կարգ` Սակկա աստծո տված “փայտիկի” օգտագործումը։ Այն կատարվում էր բերանի խոռոչը մաքուր պահելու համար (դրա գործածությունը խորհուրդ էր տվել Բուդդան)։
Սակայն, Միջնադարը չի կարելի անվանել ատամնաբուժական նորարարությունների ժամանակաշրջան։ Միայն վերին խավի ներկայացուցիչներն էին ատամները մաքրում։ Անիսոնով և հղկանյութերով փոշիները հատուկ նրանց համար էին պատրաստվում։
Ռուսաստանում ատամները մաքրելու համար կիրառում էին կեչու ածուխ, իսկ բերանի խոռոչը թարմացնելու համար՝ ծամում էին անանուխի տերև (ձմռանը չորացրած, իսկ ամռանը՝ թարմ), որն ուներ հակամիկրոբային հատկություններ և հաճելի բույր։ Հյուսիսային շրջաններում անանուխի տեղ օգտագործում էին փշատերև բույսեր՝ եղևնի, խեժափիճի և մայրի։
18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում հայտնվեց առաջին ատամի փոշին։ Նրա բաղադրության մեջ կային աղյուսային փոշի, կավի բեկորներ և մանրացված ֆոսֆոր։ Որպեսզի համը ավելի դուրեկան լիներ, բրիտանացիները ավելացրել էին գլիցերին։ Որոշ ժամանակ անց բաղադրատոմսը ամբողջովին փոխվեց։ Նորը բաղկացած էր մանրացված ծառակեղևից, ածխափոշուց և բուրահաղորդիչներից, օրինակ՝ ելակի մզվածքից։ Բորակի փոշին օգտագործվում էր որպես փրփրեցնող միջոց։
Ատամի օճառը հայտնվեց 1824 թվականին։ Նրա բաղադրության մեջ կար կավիճ, օճառ, ինչպես նաև անանուխի յուղ։ 1850 թվականին Ջոն Հարրիսը առաջարկեց կավճից ատամի փոշի արտադրել` հաճելի համի համար ավելացնելով դեղաբույսեր, դարչինի, մանուշակի, եղեսպակի ծաղիկներ կամ մանրացված պտուղներ։
Ատամի մածուկ պատրաստելու գործընթացը սկսվեց 19-րդ դարի երկրորդ կեսին։ Աղացած կավճի փոշին հավասարաչափ բաշխում էին դոնդողանման զանգվածի հետ։ Հատուկ հումքը`որպես կապակցող նյութ, սկզբում պատրաստում էին գլիցերինի ջրային լուծույթում հեղուկացված օսլայով։ Հետագայում այն փոխարինվեց նատրիական աղով, որը կարող էր կայունացնել կավճի կախույթը` սուսպենզիան։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ատամի մածուկների մեծամասնության մեջ պարունակվում էր օճառ։ Քիմիական տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց՝ օճառը փոխարինվեց նատրիումի ռիկինոլեաթով և նատրիումի լաուրիլսուլֆատով։ 20-րդ դարի սկզբին հայտնվեց առաջին ատամի մածուկը, որը կարող էր մաքրել ատամները և թարմացնելշնչառությունը։ Նրա մեջ կար հատուկ բուժկանխարգելիչ հավելում` պեպսին, որը օգնում է վերացնել ատամների վրայի փառը և սպիտակեցնել ատամները։.
Ֆտորի միացություններ պարունակող ատամի մածուկները սկսել են պատրաստվել 1950-ական թվականներին։ Այն նպաստում էր էմալի ամրացմանը։ Պատմության մեջ առաջին ֆտորացված հակակարիեսային ատամի մածուկը ներկայացվել է Proctor & Gamble ընկերության կողմից 1956 թվականին։ Կալցիումի լուծվող աղերով հարստացված մածուկները սկսեցին պատրաստել 70-80-ականներին։ Իսկ տրիկլոզանը` որպես հակամիկրոբային բաղադրիչ, սկսվեց ներառվել 1987 թվին։
Խորհրդային առաջին ատամնամածուկը պարկուճով թողարկվեց 1950-ին։ Դրանից առաջ այն վաճառվում էր թիթեղյա կամ պլաստմասսե տարաների մեջ։ Խորհրդային տարիներին ատամի մածուկը մեծ դեֆիցիտ էր։ Երկար ժամանակ օգտագործում էին ատամի փոշի։ Այն օգտագործում էին ինչպես ատամների մաքրության, այնպես էլ պատուհանների ապակիները մաքրելու և մետաղյա ամանեղենը փայլեցնելու համար։