Կրակը չի դադարում, Շուշին ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում, երկու բնակելի տուն է հրդեհվել. Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ

Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք մշակութային օջախները, թանգարանները, հոգևոր օջախները թիրախավորվել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր: Երեկ և այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Հունան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )