Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին․ Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում տիրող վիճակի մասին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում  հանդարտություն պահպանել.

«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից:

Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների  ավարտին»,-նշված է մարզպետարանի էջում տարածված հայտարարությունում։

Նշենք, որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է։ Այս համայնքում միանգամից 2 անձ իրեն համարում է ընտրված համայնքապետ: Նրանք են «Ապրելու երկիր կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն ընտրվել է 10 ձայնով: Ինչից  հետո եկել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )