Դուք հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, ՔՊ-ն է, ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, այլ երևանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից․ Իզաբելլա Աբգարյանը՝ <<Իմ քայլը>>-ին
Ինձ համար դժվար է այստեղ քաղաքական ելույթ ունենալ, որովհետև այս շենք ոտքս դնելու պահից ի վեր միակ նպատակս եղել է համայնքային շահին ծառայելը, երևանցիների խոսքն այստեղ հասցնելը, բայց, ցավոք, հասել ենք այս ամոթալի հանգրվանին։ Այս մասին Երևանի ավագանի արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Տարիներ առաջ, երբ ես, ընկերներս, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջև վանկարկում էինք «որոշողը մենք ենք», կհաստատի նաև ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը, նա էլ այդ մարդկանցից էր։ Մեզ հակադարձում էին՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց մենք ասում էինք, որ դա չի բխում Երևան քաղաքի շահից, երևանցիների շահից։ Ասում էինք, որ մենք ենք վճարում քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։ Դա կոչվում է՝ տեր լինել սեփական քաղաքին, համայնքային շահին։ Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դրանով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է»,-հայտարարեց նա, ապա հավելեց․
«Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, երևանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից»։
Աբգարյանն ընդգծեց՝ այս ընթացքում կատարված բոլոր հարցումները փաստում են՝ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել, չի համաձայնել «Իմ քայլը»-ի հայտարարության մեջ եղած հիմքերին։ «Այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ «Հայկ Մարության, հեռացիր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»»,-ասաց նա՝ նշելով, թե որևէ փաստ չեն կարողանում ներկայացնել։
«Դուք այսօր ու այս օրերի ընթացքում այնքան քաջություն չեք ունեցել, որ ձեր մեղքի բաժինն ընդունեք մեր նախընտրական ծրագրի չկատարած կետերի համար, որովհետև, կարծում եմ, այստեղ շատ քչերն են, որ այդ ծրագիրը կազմելիս ներկա են եղել։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ էր պատասխանատու»,-հայտարարեց Աբգարյանը։
Ըստ Աբգարյանի՝ Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլը»-ի քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Ես ՔՊ-ին մի բան եմ ուզում ասել՝ նախքան Հայկ Մարությանին ապերախտ ասելը՝ հիշեք՝ ովքեր էին ձեր կողքին, երբ կուսակցությունն էր բարդ վիճակում, ձերբակալված էր կուսակցության ղեկավարը, մյուս կարևոր դերակատարները։ Ուր էին այն մարդիկ, որ այսօր նստել են ձեր պատգամավորական աթոռներին և զբաղեցնում են պաշտոններ։ Այնպես որ, եկեք ուրանալուց և ապերախտ լինելուց չխոսենք, ես շատ բան ունեմ ասելու ձեզ այդ իմաստով։ Այսօր դուք մենակ եք քվեարկելու՝ ձեր խղճի առաջ, հուսով եմ՝ հեռախոսներով չեք նկարի ձեր քվեաթերթիկները։ Ես եկել եմ այն եզրակացությանը, որ ՀՀ-ում ևս մեկ անգամ հաստատվեց այդ պարզ ճշմարտությունը՝ հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում․․․»,-ամփոփեց Իզաբելլա Աբգարյանը։https://www.youtube.com/watch?v=jxv6pqrFfhg&feature=emb_imp_woyt