ԲՅՈՒՐԱՎԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՎԸ 2 ՇԱԲԱԹՈՎ ՓԻԼՈՆԱԶՐԿՎԵԼ է

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը երկու շաբաթով հռչակվել է փիլոնազուրկ՝ առաջնորդի հորդոր-պահանջներն անտեսելու, ի մասնավորի հովվական առաքելությունից շեղվելու, կուսակցական, քաղաքական գործունեությամբ, քարոզչությամբ զբաղվելու (Քրիստոնյա Հայաստան կուսակցություն), հոգևորականին ոչ հարիր կեցվածք դրսևորելու և իր ելույթներում անընդունելի բառապաշար օգտագործելու համար։ Այս մասին հայտնում են Մասյացոտնի թեմի տեղեկատվական բաժնից:

Եթե այդ շրջանում Տեր Ղազար քահանա Պետրոսյանը չվերանայի իր վարքագիծը և չվերադառնա իր հովվական առաքելությանը ըստ եկեղեցական-կանոնական կարգի, Թեմի Առաջնորդի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբին դիմում կներկայացվի ընթացք տալու նրա կարգալուծության հարցի քննությանը:

Հիշեցնենք, որ մենք դեկտեմբերի 1-ին գրել էինք այս մասին,

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին: Ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ասելով «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )