Աղետի գոտին վերակառուցող նախագահը շարունակում է մնալ բանտարկված

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում Սպիտակ քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այնտեղ բացվեց նաև ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին, ներկա էր նաև վարչապետը։
Խորհրդանշական է, որ մինչ Փաշինյանն իր թիմով (այդ թիմում կան գործիչներ, ովքեր թալանել են աղետի գոտին) հարգանքի տուրք է մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ հենց նախագահ Քոչարյանի օրոք էր, որ աղետի գոտում լայն թափով սկսվեցին վերակառուցման աշխատանքները։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք աղետի գոտում կառուցվել է ավելի քան 8500 բնակարան, այսինքն՝ 8500 ընտանիք տնակներից տեղափոխվել է հարմարավետ և լուսավոր բնակարաններ։ Վերականգնվել են ճանապարհներ, փողոցներ, բակեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կրթօջախներ։
1988 թվականի աղետից հետո Քոչարյանը միակ նախագահն է եղել, ում օրոք նման ծավալների վերակառուցման աշխատանքներ են իրականացվել։ Եվ սա այն դեպքում, երբ նրա նախագահությունից առաջ աղետի գոտում աննախադեպ թալան էր իրականացվել, և շինաշխատանքները սկսելու համար ամեն բան անհրաժեշտ էր սկսել զրոյից։
Ժամանակներն արդեն փոխվել են՝ հասարակությունը մոռացել է, թե ովքեր են ժամանակին թալանով զբաղված եղել։ Եվ մինչ իրենց թալանողներն այսօրվա ղեկավարների կողքին «հարգանքի տուրք» են մատուցում, մութ ու խավար տնակներից իրենց ազատողը շարունակում է մնալ անազատության մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )