TikTok-ում «Դուբայի շոկոլադի» թրենդը պիստակի միջազգային դեֆիցիտ է առաջացրել
Կանաչ պիստակի թանձրուկի միջուկով շոկոլադե կոնֆետն աներևակայելի տարածում է գտել այն բանից հետո, երբ սոցցանցերում դրա վերաբերյալ մի շարք տեսանյութեր են հրապարակվել: Առաջին տեսահոլովակը, որը գովաբանում է թանկարժեք, այսպես կոչված, «Դուբայի շոկոլադի» համը, հրապարակվել է 2023 թվականի վերջին և այժմ ավելի քան 120 միլիոն դիտում ունի՝ էլ չասած հետագա բազմաթիվ տեսանյութերի մասին։
Արդյունքում կենսական կարևորություն ունեցող բաղադրիչի` պիստակի միջուկի միջազգային պակաս առաջացավ, որը հիմնականում աճեցվում է ԱՄՆ-ում կամ Իրանում: Մեկ տարվա ընթացքում դրա գինն աճել է 7,65 դոլարից մինչև 10,30 դոլար մեկ ֆունտի դիմաց, Financial Times-ին է ասել CG Hacking-ի ընկուզեղենի վաճառող Ջայլս Հաքինգը:
Պիստակն արդեն սակավ է դարձել աշխարհի առաջատար արտահանող ԱՄՆ-ում անցյալ տարի վատ բերքի պատճառով: Թեև բերքը սովորականից քիչ էր, բայց այն ավելի բարձր որակի էր և, հետևաբար, հիմնականում վաճառվում էր ամբողջականձևով՝ դեռ կեղևով։ Սա հանգեցրել է շոկոլադե սալիկների մեջ օգտագործվող հիմնական միջուկների հետագա պակասի:
Իրանցի արտադրողները վեց ամսում մինչև մարտ ամիսը 40%-ով ավելի շատ ընկույզ են արտահանել ԱՄԷ, քան նախորդ 12 ամիսներին, հաստատում է լրատվամիջոցը։
Դուբայի շոկոլադի մոլուցքը վերագրվում է սալիկի ստեղծմանը, որը միավորում է կաթնային շոկոլադը, փշրված խմորը, որը հայտնի է որպես կատաիֆի և պիստակի կրեմով միջուկը: Պատրաստված է էմիրաթական շոկոլադե Ֆիքս ընկերության կողմից և վաճառվում է միայն ԱՄԷ-ում, սալիկը ստացել է Can’t Get Knafeh of It անվանումը, որը հղում է անում ավանդական արաբական աղանդերին:
Շոկոլադե այլ առաջատար արտադրողներ, ինչպիսիք են Läderach-ը և Lindt-ը, արագ ստեղծեցին իրենց սեփական պիստակով շոկոլադե արտադրանքը, սակայն այժմ դժվարանում են բավարարել միջազգային պահանջարկը: Prestat Group-ի գործադիր տնօրեն Չարլզ Ջանդրոն, որին պատկանում են բրիտանական շոկոլադի մի քանի բարձրակարգ ապրանքանիշեր, FT-ին ասել է, որ սալիկների պահանջարկը զարմացրել է ամբողջ արդյունաբերությանը: «Զգացողություն կա, որ այն հայտնվել է ոչ մի տեղից, – ասել է նա:- Հանկարծ դրանք տեսնում եք ամեն անկյունի խանութում»։
Հաղորդվում է, որ որոշ խանութներ սահմանափակում են միաժամանակ վաճառվող սալիկների քանակը: Ընդհանուր առմամբ, սա վկայում է կա՛մ TikTok-ի ազդեցության ուժի, կա՛մ համեղ շոկոլադի ավելի հաստատված գրավչության մասին: