«Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ նշում էին, որ հունվարի 2-ից մինչև այսօր մերկասառույց ճանապարհի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների։

Ու եթե Կենտրոնի թաղապետարանը բարեհաճեր ժամանակին աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։

Share This