Bloomberg. Չինաստանը կարող է վերացնել ԱՄՆ-ից ներմուծվող որոշ ապրանքների 125% մաքսատուրքերը

Չինաստանի կառավարությունը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկման հնարավորությունը։ Որոշումը քննարկվում է փոխադարձ առևտրային սահմանափակումների պատճառով որոշ ոլորտների կրած տնտեսական կորուստների ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։

Աղբյուրները հայտնել են, որ իշխանությունները քննարկում են բժշկական սարքավորումների և որոշ արդյունաբերական քիմիական նյութերի, ինչպիսին է էթանը, վրա լրացուցիչ մաքսատուրքերի չեղարկումը։

Քննարկվում է նաև ինքնաթիռների վարձակալության վճարները մաքսատուրքերից ազատելու հնարավորությունը։ Աշխարհի շատ ավիաընկերությունների նման, չինական ավիափոխադրողները չեն տիրապետում իրենց ամբողջ օդանավային կազմին և որոշ ինքնաթիռներ վարձակալում են երրորդ կողմերից։ Հետևաբար, վճարումները կդառնան ֆինանսապես անհասանելի՝ հաշվի առնելով լրացուցիչ տուրքը։

Չինաստանը դիտարկում է այն բացառությունները, որոնք կրկնում են Միացյալ Նահանգների նմանատիպ քայլերը, որոնք ապրիլի սկզբին չինական ներմուծման էլեկտրոնիկան ազատեցին 145% մաքսատուրքից։ Երկու կողմերն էլ զիջումների են գնում՝ ընդգծելով, թե որքան սերտորեն են փոխկապակցված աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, մինչդեռ որոշ հիմնական ոլորտներ կանգ են առել առևտրային պատերազմի սրման պատճառով։

Ինչպես գրում է Bloomberg-ը, բացառությունների ցանկը դեռևս մշակվում է, և քննարկումները կարող են առաջընթաց չգրանցել։ Աղբյուրները հայտնել են, որ իշխանությունները խնդրել են խոցելի ոլորտների ընկերություններին տրամադրել ԱՄՆ մաքսային կոդերը այն ապրանքների համար, որոնք պետք է ազատվեն նոր մաքսատուրքերից։ Մեկ աղբյուր հայտնել է, որ առնվազն մեկ չինական ընկերության արդեն տեղեկացվել է, որ ազատ առևտրի գոտու ընկերություններին վարձավճարները չեն ենթարկվի նոր տուրքի։

Պեկինը նաև պատրաստվում է վերացնել լրացուցիչ մաքսատուրքերը կիսահաղորդչային արտադրանքի առնվազն ութ կատեգորիայի համար, ըստ ուրբաթ օրը Ցայցզինում հրապարակված հաղորդագրության։ Սակայն նշվում է, որ ցանկում չեն ներառված հիշողության չիպերը, ինչը կարող է հարված լինել Micron Technology-ի համար, որը աշխարհում նման չիպերի երրորդ խոշորագույն արտադրողն է։

Share This