ԻՆՉՈ՞Ւ ԵՒ ԻՆՉԻ՞Ց ՍԿՍՎԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կարծես թե մի փոքր հանդարտվել է։ Ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն, ըստ Մոսկվայի՝ թվով երկրորդը։
Առավել կամ պակաս չափով այն պահպանվում է։ Հինգշաբթի երեկոյան Հայաստանում կլինի ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ Անատոլի Սիդորովը, հաջորդ շաբաթ սպասվում է, որ Հայաստան կայցելի կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Թե ինչ կլինի այս ամենի վերջը, դժվար է ասել, սակայն ուշագրավ է թերեւս այն, որ թե՛ ադրբեջանական եւ թե՛ ուկրաինական մամուլում արդեն շրջանառվում են հրապարակումներ, թե ինչու սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ այդմ, պատճառները ներկայացնենք ստորեւ․
• 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել էր կրակի դադարեցման համաձայնագիր Լեռնային Ղարաբաղում։ Այդ պայմանագրի կետերից մեկն էլ հանդիսանում է այն, որ Ադրբեջանից դեպի Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնվում է։
• Այս կետը կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Տարբեր կերպ են մեկնաբանում նաեւ կատարման ժամանակացույցը։ Դրա համար էլ տրանսպորտային կոմունիկացիաները մինչեւ հիմա վերականգնված չեն։
• Ադրբեջանը որոշել է արագացնել այս հարցի լուծումը մարտական գործողությունների էսկալացիայի միջոցով։ Նա հասկացնում է, որ հարկ եղած դեպքում կարող է բացել այդ միջանցքը ռազմական ուժով։
• Ադրբեջանը հարվածում է բուն Հայաստանի տարածքին, ոչ թե Ղարաբաղին, այսինքն՝ տեսականորեն կարող է գործողության մեջ դրվել հավաքական անվտանգության մասին ՀԱՊԿ պայմանագիրը, սակայն իրավիճակը Ռուսաստանի համար միանշանակ չէ։ Մի կողմից՝ առկա է ՀԱՊԿ պարտավորությունը, մյուս կողմից՝ Մոսկվայի մասնակցությամբ կրակի դադարեցման համաձայնագիրը Ղարաբաղում, որը չի կատարվում՝ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասով։ Բացի այդ, ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Ռուսաստանը չի ուզում նոր պատերազմի մեջ խրվել։ Դրա համար էլ Ռուսաստանը դեռեւս փորձում է երկու կողմերին համոզել՝ դադարեցնել կրակը։
• Առայժմ ամեն ինչ ընթանում է «Փաշինյանին ճանապարհը դեպի Նախիջեւան բացելուն հարկադրելու» ձեւաչափով։ Եթե հայկական իշխանությունները հրաժարվեն դա անել, էսկալացիան կարող է ավելի խորանալ եւ վերածվել լայնածավալ պատերազմի։
• Ադրբեջանի վրա, բացի Մոսկվայից, փորձում են ազդել նաեւ եվրոպացիներն ու ԱՄՆ-ն, որպեսզի էսկալացիան դադարեցնեն։ Սակայն առայժմ կարծես թե այդ ազդեցությունը Բաքվի վրա առանձնապես չի անդրադառնում, իսկ Թուրքիան ամբողջապես հավանություն է տալիս Ադրբեջանի գործողություններին։
• Ադրբեջանի մեկ այլ մոտիվն էլ կարող է լինել Սոթքի եւ Ամուլսարի ոսկու հանքերի գրավումը։ Այս շրջաններում են, ի դեպ, հիմնականում ընթանում մարտերը։
