Գյումրիում կայացավ <<Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան>> ծննդատան հիմնարկեքը (լուսանկարներ)

Ժնեւյան բանավոր պայմանավորվածությունից երեւանյան հուշագիր, երեւանյան հուշագրից գյումրիական հիմնարկեք:
«Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշն ու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Գյումրիում նոր ծննդատան առաջին քարն այսօր դրեցին: Հիմնարկեքի արարողությանը մասնակցեցին նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք: 
«Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան կառուցմամբ ապահովվելու է Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացումն ու տարիների պատմություն ունեցող խնդիրներ են լուծվելու: Այս ծննդատան կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ժնևում` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Վարդան Սրմաքեշի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել է առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում: Ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` առողջապահության նախարարությունն աշխատանք է տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացվելու է Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:
«Ես առողջապահության նախարարեն իմացա, որ հիվանդանոցը շատ լավն է, եւ եկա աչքովս տեսա, Ավստրիականինը: Շատ լավ էր, շատ մոդեռն, շատ լավ կառավարվում է, իսկ ծննդաբերական բաժանմունքը բաժնված է 2 մասի, Ախուրյանը կա, ադիկա լավ գործում է, բայց մյուսը խնդիրներ ունի: Ես ալ նախարարի հետ խորհեցա, մտածեցի, որ լավ կըլլա մի լավ բան անեմ Գյումրիի մեջ, եւ ցանկացա, որ կառուցեմ մի ծննդաբերական կենտրոն՝ կից ադ հիվանդանոցին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Սրմաքեշը:
Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ
