«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մտքեր Մհեր /Ֆրունզիկ/ Մկրտչյանից


«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»

«Էս ինչ դժբախտություն է, մարդ չի կռնա երջանիկ էղնի»

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ»:

«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»:

«Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,- ասում էր Ֆրունզի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը՝ չհամակերպվելով որդու մասնագիտական ընտրության հետ: Սակայն մի օր, այնուամենայնիվ, գնաց Ֆրունզիկի ներկայացումներից մեկը դիտելու: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»:

«Դեռ փոքրուց ես ավելի շատ մտածում էի ոչ թե այն մասին, թե ինչու է իմ քիթը մեծ, — կատակով ասում էր Ֆրունզիկ Մկրտչյանը, — այլ թե ինչու են մյուսների քթերն այդքան փոքր»։

«Երբ Աստված ժողովուրդներին քիթ էր բաժանում, հարցնում էր մարդկանց` ինչ ձևի քիթ կնախընտրեին։ Ռուսը ցանկացավ այնպիսի քիթ ունենալ, որը նրան չի խանգարի օղի խմել։ Վրացին` Կովկասյան լեռների պես։ Հայը հարցրեց. «Իսկ ի՞նչ արժե»։ Երբ Աստված ասաց, որ անվճար է, հայն ասաց. «Այդ դեպքում որքան մեծ՝ այնքան լավ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )