Tech Week 2022. Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը

Միացե՛ք Գյումրիում իրական տեխնոլոգիական տոնին՝ ապրեցնելու Շիրակը տեխնոլոգիաների շնչով։ Այս կարգախոսով Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը՝ Tech Week 2022-ը:
Գյումրիում այսօր միջոցառումը մեկնարկեց միանգամից 3 տարբեր վայրերում՝ Գյումրու դրամատիկական թատրոնում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց Armenian Software Testing Cup միջոցառումը։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում՝ «Կորիզ» գաղափարների մրցույթի նախապատրաստումը կայացավ։ Գյումրու Դրամատիկական թատրոնի շենքի երկու դահլիճներում տեղի ունեցան միջոցառման խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները։
Այս ամենին զուգահեռ դրամատիկականի սրահներում աշխատանքի տոնավաճառ անցկացվեց, որտեղ ներկայացված էին ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերությունները։
«Գյումրին այս պահին երկրորդն է որպես քաղաք, որտեղ արդեն մի շարք ընկերություններ են տեղակյված և շատ ընկերություններ էլ ցանկություն են հայտնել գալ Գյումրի և այստեղ գրասենյակներ բացել։ Այդ ընկերություններն էլ են իրենց թափուր աշխատատեղերով ներկայացված այստեղ՝ աշխատանքի տոնավաճառին: Համոզված եմ, որ միջոցառումից հետո, տեսնելով այսքան երիտասարդների ու այսքան պոտենցիալ, մի քանի ամիս հետո նրանք արդեն կարող են դառնալ տեխնոլոգիական համայնքի աշխատակիցներ»,- ասաց Tech Week Gyumri միջոցառման կազմակերպիչ Մարիամ Համբարձումյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցած ggRace-ի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի իրականացմանը:
Վաղը Գյումրու Թումոյում կմեկնարկի Կիբերանվտանգության հաքաթոնը, որի ընթացքում ստեղծվելու է տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
Այսօր և առաջիկա օրերին Tech Week 2022-ի շրջանակներում Գյումրին կհյուրընկալի 4000-ից ավելի մասնակցի:
