Յուրաքանչյուր աղջկա համար կյանքի ամենասպասելի օրը հարսանեկան արարողությունն է, երբ կհագնի ճերմակ զգեստը, հրաժեշտ կտա հայրական օջախին և եկեղեցում հնազանդության երդում կտա։ Սակայն հաճելիի հետ մեկտեղ այն նաև ֆինանսական մեծ դժվարություններ է առաջացնում միջին վիճակագրական մարդու համար։ Մեծամասնությունն այն կարծիքին է, որ հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում և ամեն ինչ պետք է անել այն հիշարժան դարձնելու ուղղությամբ: Շատերիս շրջապատում կան մարդիկ, ովքեր հարսանիք անելու համար վարկեր են վերցնում, իսկ բանկերն էլ դրանից օգտվում են և բարձր տոկոսներ սահմանում։ Սովորաբար Հայաստանում խուսափում են հարսանիք անել մայիս ամսին՝ դա հին ավանդույթ է և համարվում է, որ մայիսը դժբախտություններ է բերում։ Սակայն վերջին տարիներին զույգերը հին կարծրատիպերը կոտրել են և հարսանիք են անում նաև այդ ամսին։ Եթե ուզում ես, օրինակ հարսանիքդ անցկացնես հունիսին և քո նախընտրած ռեստորանում, առնվազն այն պետք է «բրոնյա» անես հունվարին, այլապես հետագայում կարող է պարզվի, որ տեղ չկա և դու մնաս այն մեկ օրվա հույսին, որը նախօրոք վերցրել էին, սակայն հարսն ուրիշի հետ էր փախել ու հարսանիքը տվյալ օրվա չեղարկվել էր։
ArmDaily.am-ը հարսանիքային այս թեժ սեզոնին կներկայացնի, թե ինչ կարժենա հայկական բոլոր ավանդույթներով հարսանիքը Հայաստանում։
Ի՞նչ արժե հարսի զգեստը
Հարսանիքի ամենագեղեցիկ մասը հարսի զգեստի ընտրությունն է, որը որքան որ հաճելի է, նույնքան դժվար։ Երևանի կենտրոնում գտնվող «գլամուրային և հայտնի» հարսանյանց սրահներում հարսանյանց զգեստների վարձակալության գները սկսվում են 150 հազար դրամից եւ հասնում մինչև 1մլն դրամի։ Սովորական հարսանյանց սրահներում հարսանյանց զգեստների վարձակալությունը սկսվում է 60 հազար դրամից եւ հասնում մինչեւ կես միլիոն դրամի՝ կախված նրանից թե շորը քանի անգամ են հագել, ով է հագել, քանի սվարովսկի քար կա և այլն։ Հիմնականում զգեստի հետ տրամադրում են նաև զամբյուղներ, մանիկեն, քող, թագ և մի քանի այլ բան՝ ըստ ցանկության։ Հարսի կոշիկը և ծաղկեփունջը մոտավորապես կարժենան 50 հազար դրամ։
Ինչ վերաբերում է զարդերին, ապա եթե հարսը ադամանդների ու ճոխ զարդերի սիրահար չէ, կարելի է 20-30 հազար դրամի սահմաններում կրել արծաթյա գեղեցիկ, նուրբ զարդ։
Ի՞նչ արժե հարսի դիմահարդարումը, մատնահարդարումը և վարսահարդարումը
Հարսի զգեստից հետո նրա գեղեցիկ տեսքն ամբողջացնում է գեղեցիկ վարսահարդարումն եւ դիմահարդարումը։ Տարօրինակ է, որ եթե այդ նույն դիմահարդարումն ու վարսահարդարումն անում է ոչ հարսը, ապա այլ գին են ուզում, իսկ եթե նրանց ականջին հասավ, որ հարսիկն է այդ ամենը ուզում, գները կրկնապատկվում են։ Մի անգամ անդրադարձել էինք, որ հայտնի դիմահարդարներից մեկը, ով վերջում էր իմացել, որ սպասարկվողը հարս է և իրեն սկզբում չի ասել, բարկացել և փչացրել էր օրվա հերոսուհու կերպարը։ Երևանյան գեղեցկության սրահներում կարելի է այդ ամենն անել մոտավորապես 60 հազար դրամով՝ 15 հազար վարսահարդարում, 15 հազար՝ դիմահարդարում, 15 հազար ՝ «մանիկյուր և պեդիկյուր»։ Իսկ աստղային սրահներում այս ծառայությունների գինը հասնում է 150 հազարի ու բարձր։
Ինչ վերաբերում է հարսանիքի մյուս կարեւոր հերոսին՝ փեսային, ապա այս դեպքում ծախսերն ավելի քիչ են. նրա ամբողջ հագուկապը միջինով կկազմի 50-100հազար դրամ։
Շարունակելի
Դուսյա Ղազարյան
