ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է, ՈՐ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՂԵԿԱՎԱՐԵՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ ապրիլի վեցին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը հանդիսանում է այն, որ ստեղծվի հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի հանձնաժողով։
Նախատեսվում էր, որ մինչեւ ապրիլի վերջ կկայանա այդ հանձնաժողովի առաջին նիստը։ Բայրամովը ասել է, որ նախքան հանդիպումը երկու հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որի արդյունքում ներկայացրել է հանձնաժողովի կազմի վերաբերյալ իր առաջարկները։ Ադրբեջանը, ըստ այդմ, առաջարկել է, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովը ձեւավորվի այնպես, որ ղեկավարվի փոխվարչապետների կողմից։
Առաջին հեռախոսազրույցի ժամանակ դեռ Հայաստանի ԱԳ նախարարը ըմբռնումով է մոտեցել դրան, հավելելով, որ այդ հարցի քննարկման համար Հայաստանին հավելյալ ժամանակ է պետք։ Այնուհետեւ հայկական կողմը հայտարարել է, որ իր համար ընդունելի է դա։ Կողմերը, ըստ Բայրամովի, պայմանավորվել են նաեւ հանձնաժողովի կազմի մասին։ Ադրբեջանական կողմը արդեն պատրաստ է եղել նիստին դեռ ապրիլի վերջին, իսկ հենց որ հայկական կողմը անհրաժեշտ պրոցեդուրաները անցկացնի, տեղի կունենա նշված հանձնաժողովի առաջին նիստը։
