Ի՞ՆՉ Է ՔՆՆԵԼՈՒ ԱՅՍ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ՈՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ
Երեկ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որն ուղեկցվեց փոխադարձ մեղադրանքներով ու բանավեճերով։ Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Եթե ամփոփ ձեւակերպենք, ապա ընդդիմությունը կարծում է, որ պատերազմի թիվ մեկ պատասխանատուներն ու մեղավորները չեն կարող օբյեկտիվ եւ անաչառ քննել պատերազմի հանգամանքները։ Եվ չնայած հայտարարությանը, երեկ ընդդիմադիրները ներկայացել էին հանձնաժողովի նիստին, որպեսզի վերահաստատեին իրենց տեսակետը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովն էլ ձեւավորվեց, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէր։ Ընդդիմությունն ամիսներ առաջ պարիտետային հանձնաժողով ձեւավորելու եւ մասնագետների մասնակցությամբ քննություն իրականացնելու առաջարկ էր արել, որտեղ գլխավոր դերակատարները կլինեին ընդդիմադիրները։ Սակայն իշխանությունը մերժեց, եւ անցած շաբաթ ՔՊ պատգամավորներն իրավունքի ուժով ձեւավորեցին արցախյան երրորդ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Ընդդիմադիրներն իրենց ասելիքն ասելուց հետո երեկ լքեցին սենյակը, որից հետո Անդրանիկ Քոչարյանը, սովորույթի համաձայն, անցավ ընդդիմությանը խայթելու գործին։ «Ասելու բան չունեին, գլուխները կախ գնացին: Ով-ով՝ բայց պարոն Նազարյանը պիտի մասնակցեր: Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ իրենք բաց ճակատով գան ու իրենց ուզած հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի, արդեն խոսում է, թե մենք ինչ որակի ընդդիմություն ունենք»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ հանձնաժողովն աշխատանքների ավարտից հետո կազմում է զեկույց եւ ներկայացնում խորհրդարանին, որն ընդունվում է ի գիտություն, այն որեւէ իրավական հետեւանք չի կարող ունենալ, թեպետ կարող է հետագայում իրավական գործերի հիմք դառնալ։ Հանձնաժողովը գործելու է 6 ամիս, անհրաժեշտության դեպքում կարող են ժամկետը 6 ամսով էլ երկարացնել:
Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ կարող է բացահայտել այս հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ պատերազմի պատասխանատուներն ու քննիչները նույն թիմի ներկայացուցիչներ են: Իսկ հանձնաժողովի անդամները պատերազմից հետո բազմիցս արտահայտվել են, եւ նրանց տեսակետը բոլորիս հայտնի է։ Նշենք, որ, համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով կարող է ձեւավորվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կազմում, բացառապես այդ հանձնաժողովի անդամներից։ Իսկ սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու են Անդրանիկ Քոչարյանը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, իշխանության թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Սույն հանձնաժողովի անդամ է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, սակայն երեկվա նիստին նա ներկա չէր։ Տեղեկություններ կան, որ նա ցանկություն չունի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։
Ի դեպ, Պողոսյանը պատերազմից հետո տեւական ժամանակ ընդհատակ էր անցել, ասում են՝ ներքին քննարկումների ժամանակ քննադատել է թիմին կրած պարտության համար, բացի այդ` Դավիթ Տոնոյանի կալանքն է համարում անարդար։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Պողոսյանի հետ։ Նշենք, որ նա միակ պատգամավորն է, որ չի ստորագրել ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերով հանձնաժողովի ներկայացրած զեկույցի տակ, որը պատրաստվեց եւ հրապարակվեց 44-օրյա պատերազմից հետո։ Ապրիլյանի զեկույցն ամիսներ շարունակ ուշանում էր, տեղեկություններ կային, որ իմքայլականները հնարավոր է չներկայացնեն էլ զեկույցը, քանի որ վերջին պատերազմից հետո ապրիլյանի դեպքերն ու իշխանության մեղքերը ծիծաղելիորեն չնչին էին։ Եվ ակնհայտ էր, որ իմքայլականները շուրջ երկու տարի այդ հանձնաժողովը որպես մահակ էին կախել նախկինների գլխին` վարկաբեկում էին բանակն ու հրամանատարներին, խոստանում սենսացիոն բացահայտումներ անել, հանրությանը պատժել 16-ի ապրիլի պարտության մեղավորներին: Մի խոսքով` քարոզչական լավ գործիք էր այն դարձել։
Վերադառնալով նորաստեղծ հանձնաժողովից ակնկալիքներին. հարց է ծագում` ի՞նչ պետք է այն բացահայտի, եթե դրա անդամներին վաղուց արդեն ամեն բան հայտնի է։ Դիցուք, Վահագն Ալեքսանյանը պատերազմից ամիսներ անց պարտության մեղքը գցում է նախկինների «գրպանը»․ «Պարտության մեջ հիմնական մեղքի մասը նախկիններինն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են, իսկ մենք միայն մեղավոր ենք, որ 2.5 տարում չկարողացանք բեկել ուժերի հարաբերակցությունը, որը ձեւավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»։
Կամ՝ բոլորովին վերջերս Գագիկ Մելքոնյանն ասում էր․ «Իմ կարծիքն է դա, որ ապրիլյանը ես համեմատում եմ նաեւ էսօրվա, որ կատարվում է, սրա հետ, որովհետեւ ձեռագիրը ոնց վերցնում ենք, նույնն է, որովհետև ներքաղաքական վիճակը ստիպեց, որպեսզի նմանատիպ գործողություններ կատարվեին, եւ նույնիսկ Ալիեւի եթե հայտարարությունը նայեիք, Ալիեւը շատ մտահոգ էր, թե Հայաստանում բռնապետություն է, Հայաստանում նախկին իշխանություններին կալանավորում են, նախկին իշխանությունների դեմ հաշվեհարդար են տեսնում, ու մնացած այն ամենն էր ասում, ինչ որ մեր ներկայիս «ընդդիմությունը», այս մեր դավաճանները, որ երկրի ներսում ունենք լիքը դավաճան, որ Ալիեւի խորհրդատուներն են, արտահաստիքային խորհրդականներն են: Պատերազմ է գնում, այստեղ ավտոարշավներ են կազմակերպում, վարչապետի հրաժարականն են պահանջում, հիմա էլ փոխեցին սցենարը, թե «գերագույն գլխավոր հրամանատարն ի վիճակի չի, պիտի փոխենք»։
Դե, իսկ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների մասին խոսելն ավելորդ է։ Նշենք նաեւ, որ փորձագիտական շրջանակները խորհրդանշական են համարում սույն հանձնաժողովի ստեղծումն ու դրանից մի քանի օր անց ԱԱԾ-ի կողմից ինչ-որ լրտեսական ցանցի բացահայտումը։ ԱԱԾ-ն ասում է, որ սոցցանցերի միջոցով հայ օգտատեր-զինծառայողները տվյալներ են փոխանցել ադրբեջանցիներին, որի դիմաց գումար են ստացել։ Ոչինչ, որ խոսքը շարքային եւ պատերազմում ոչ մի հատուկ դեր չխաղացած զինծառայողների մասին է, բայց հանրության շրջանում տպավորություն ստեղծեցին, թե հենց նրանք են մեղավոր պարտության մեջ: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի միջոցով էլ փորձելու են այս տպավորությունն ամրապնդել եւ ողջ պատասխանատվությունը գցել նախկինների ու բանակի միջին եւ ստորին սպայակազմի վրա։
