ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում բողոքի ցույցերի ֆոնին հունվարի 5-19-ը արտակարգ դրություն է մտցրել Նուր-Սուլթանում, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում:
«Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով քաղաքացիների անվտանգության լուրջ և անմիջական սպառնալիքի կապակցությամբ Նուր-Սուլթան քաղաքի սահմաններում րտակարգ դրություն մտցնել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 16.00-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում», – ասված է հրամանագրում:
Բացի այդ, իշխանությունները պարետային ժամ են սահմանել, որը կգործի ժամը 23: 00-ից մինչև 07: 00-ն: Հրամանագրի գործողության ընթացքում նաև սահմանափակվում է քաղաքից մուտք գործելն ու մեկնելը, ֆիզիկական անձանցից ժամանակավորապես առգրավվելու է զենք և զինամթերք: Հրամանագրի համաձայն` արգելվում է խաղաղ հավաքների, դիտարժան, մարզական և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև գործադուլները:
Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում:
Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:
Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:
