Որոնք են հաստ աղիքի քաղցկեղի մասին վկայող հիմնական ախտանշանները

Հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի 70%-ը բժիշկներն ախտորոշում են ուշ փուլերում: Սա է պատճառը, որ այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում: Մասնագետներն ընդգծում են, որ քաղցկեղի բարեհաջող բուժման կարևորագույն նախապայմաններից մեկը հիվանդությունը ժամանակին հայտնաբերելն է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաստ աղիքի քաղցկեղի մասին հուշող ինչպես տարածված, այնպես էլ ատիպիկ ախտանշաններ, որոնք կօգնեն ժամանակին դիմել մասնագետին ու միջոցներ ձեռնարկել:

Հաստ աղիքը պատասխանատու է հեղուկի ներծծման ու արտաթորանքի ձևավորման համար: Աղիների այս հատվածի քաղցկեղը կոչվում է կոլոռեկտալ քաղցկեղ: Հիվանդությանը բնորոշ ախտանշանների շարքին են դասվում որովայնի ստորին հատվածի ցավերը, քաշի ու ախորժակի կորուստը, սակավարյունությունը (անեմիա), փսխումը, սրտխառնոցն ու աղիների աշխատանքի երկարատև խանգարումը:

Չափազանց խորացված դեպքերում կարող են նկատվել անգամ ռեկտալ արյունահոսություններ: Սկզբնական շրջանում հիվանդությունն աննկատ է զարգանում, մինչդեռ ավելի ուշ մետաստազներն ախտահարում են նաև հարևան օրգաններն ու հյուսվածքները:

Կոլոռեկտալ քաղցկեղն ախտորոշելը բավական բարդ է, քանի որ ատիպիկ ախտանշանները հաճախ նման են լինում լեղապարկի կամ լյարդի քաղցկեղի ախտանշաններին: Այս հիվանդության զարգացման ռիսկային խմբում են ծխող, ալկոհոլ օգտագործող, ինչպես նաև հաճախակի հակաբիոտիկներ ընդունող մարդիկ: Բացի այդ, հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է նաև գենետիկ նախատրամադրվածության ու աղիներում պոլիպների առկայության դեպքում:

Հիվանդությունն ախտորոշվում է հաստաղեդիտման (կոլոնոսկոպիա) միջոցով, որի ճշգրտությունը կազմում է 95%: Հասարակ թեստերի շարքին է դասվում կղանքի անալիզը, որը թույլ է տալիս հայտնաբերել դրանում առկա արյան հետքերը:

Բացի այդ, քաղցկեղի այս տեսակը կարելի է հայտնաբերել նաև մագնիսառեզոնանսային շերտագրության, ուղիղ և սիգմայաձև աղեդիտման (ռեկտորոմանոսկոպիա) և իռիգոսկոպիայի միջոցով: Հաստ աղիքի քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվում է ինչպես ճառագայթային թերապիա, այնպես էլ դեղորայքային ու վիրահատական բուժում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )