Մայրությունն իհարկե բերկրանք է, բայց նաեւ՝ լուրջ պատասխանատվություն, որը սկսվում է նախապատրաստությունից

Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ կնոջ կյանքում զավակ ունենալը համարվում է կյանքի շրջադարձային պահերից մեկը եւ զավակ ունենալը, որպես կոպլեքս գործընթաց, սկսվում է զավակ ունենալու որոշումից։ Իսկ նման որոշում պետք է կայացնել ամեն ինչ հաշվի առնելով, նույնիսկ ամենափոքր մանրուքները, որոնք կարող են առաջին հայացքից մնալ աննկատ, կամ թվալ անկարեւոր։ Զավակ ունենալու որոշման կայացումը, արդեն իսկ նշանակում է կյանքի նոր փուլ սկսելու որոշման կայացում, իսկ նման որոշում կայացնելիս, արդեն պետք է պատրաստ լինել բոլոր այն փոփոխություններին, որը ենթադրում է իրենից զավակ ունենալը, եւ որի մասին հպանցիկ մենք արդեն խոսել են նախորդ նյութում։ Այս համատեքստում չափազանց կարեւոր է, որ նախքան նման որոշում կայացնելը կամ նման որոշում կայացնելիս, ապագա մայրիկներն ուշադրություն դարձնեն իրենց առողջական վիճակին։ Դա անհրաժեշտ է եւ կնոջը, որպես մոր՝ կյանքի իր նոր դերակատարության համար եւ ապագա զավակին։ Առողջական վիճակին ուշադրություն դարձնելը ենթադրում է եւ հարկ եղած դեպքում մանրամասն նախապատրաստական բուժզննման անցում, եւ նաեւ առօրյա կյանքում սովորությունների, նախասիրությունների փոփոխություն՝ սկսած սննդակարգից։ Առհասարակ սննդակարգը կամ ինչպես ընդունված է ասել՝ գաստրոնոմիական սովորություններն ու նախասիրությունները մեր կյանքում կարեւոր բաղադրիչ են եւ էական ազդեցություն ունեն մեր առողջական վիճակի վրա։ Չափազանց կարեւոր է զավակ ունենալու ողջ գործընթացում լիարժեք եւ բազմազան, բայց առողջ սննդատեսակներով սնվելը։ Սա ապագա մայրիկներին հատկապես եւ ինչու չէ, արդեն նորաթուխ մայրիկներին, երեխայի ծնունդից հետո, ապահովում է էներգիայով, որը անհրաժեշտ է կենսագործունեության համար, ինչպես նաեւ՝ մանկիկի նախածննդյան փուլում՝ նրան բոլոր անհրաժեշտ նյութեր փոխանցելու համար։ Մյուս կարեւոր բաղադրիչը աշխատանքի եւ հանգստի ռեժիմների հստակ զատորոշումն է։ Կարեւոր է, որ աշխատանքի, հանգստի եւ սնվելու ժամերը լինեն հաստատուն, ընդ որում, սնվել պետք է օրական ոչ թե երկու կամ երեք անգամ, այլ՝ չորսից վեց անգամ։ Կարեւոր է նաեւ առողջ եւ լիարժեք քունը հատկապես հղիության ընթացքում։ Պետք է հիշել՝ օրինակ հղիության ընթացքում կնոջ ճիշտ օրակարգի սահմանումը ապագա մանկիկի մոտ ձեւավորում է ճիշտ կենսառիթմեր։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս պահանջները ենթադրում են օրակարգի կամ ժամանակացույցի փոփոխություն եւ արդեն եղած օրակարգի կամ ժամանակացույցի՝ կյանքի նոր փուլի պահանջներին հարմարեցում։ Հիշենք, որ ուժերի վերականգնման առումով լավագույն ժամանակահատվածը 22։00-24։00 ընկած ժամանակահատվածում քունն է, որը նպաստում է հաջորդ առավոտ արթնանալ թարմ ու վերականգնված ուժերով։ Բացի այդ, անհրաժեշտ է բավարար ֆիզիկական ակտիվության ապահովումը՝ լինի դա առավոտյան վարժությունների կամ մարզասրահ այցելության, լողավազան այցելության կամ նախքան քնելը սովորական զբոսանքի տեսքով։ Ի դեպ, այստեղ էլ պետք է ուշադիր լինել, որ ֆիզիկական ակտիվությունը մնա չափավորության սահմաններում եւ չհանգի օրգանիզմի սպառման։ Այս ամենը օգնում է, որպեսզի ապագա կամ նորաթուխ մայրիկի իմունային համակարգն ամրանա եւ նրա օրգանիզմը լինի պաշտպանված սեզոնային հիվանդություններից, օրինակ շնչուղիների հետ կապված հիվանդություններից, գրիպից եւ այլն։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )