Մարիամ Փաշինյանը ձգտում է դառնալ Դարիգա Նազարբաեւա՞

Մարիամ Փաշինյանը ձգտում է դառնալ Դարիգա Նազարբաեւա՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են՝ իրենք այնքա՜ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»: Այն, որ Մարիամ Փաշինյանն արդեն քանիցս է միջամտում ներհայաստանյան քաղաքական կյանքին, փորձում դաս տալ լրատվամիջոցներին կամ վերջիններիս հասցեին հաթաթայով արտահայտվել, կարելի է համարել «Հայաստանյան փոխված իրողություններից» մեկը։ Մինչդեռ դեռ չի եղել դեպք Հայաստանի նորագույն պատմության մեջ, երբ պետության առաջին դեմքերի երեխաները նման կերպ պահեն իրենց։ Ոչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի որեւէ անդամ, ոչ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի որեւէ անդամ եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի ընտանիքի որեւէ անդամ իրեն թույլ չի տվել փորձել մտնել պետական կյանքի կամ հասարակական-քաղաքական խմորումների մեջ։ Հետխորհրդային տարածքում էլ նման դեպքերը հատուկենտ են։ Երեւի միակ երեւացող ֆիգուրը Դարիգա Նազարբաեւան է՝ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը, ում համարում են հոր ժառանգորդը եւ ով ղեկավարում է Ղազախստանի Սենատը՝ պառլամենտի վերին պալատը։ Այստեղ բնական հարց՝ Մարիամ Փաշինյանն ինքն է ձգտում դառնալ Դարիգա Նազարբաեւա, թե Նիկոլ Փաշինյանը ի դեմս Մարիամ Փաշինյանի իրեն ժառանգորդ է պատրաստում։ Իսկ հիմա ըստ էության։ Մինչ ԶԼՄ-ների հաթաթա տալը, կխնդրեինք, որպեսզի Մարիամ Փաշինյանը բացատրեր, թե ինչով է աչքի ընկել «Հայկական ժամանակը» որ նախկին իշխանությունների օրոք Սերժ Սարգսյանի ընտանիքին մոտ կանգնած անձանց պատկանող ընկերությունը, որը իրականացնում էր տպագիր մամուլի բաշխում եւ ցրում, պայմանագիր է կնքել իր հոր թերթի հետ, որով ողջ օրվա տպաքանակի համար է վճարում իրականացվել եւ ոչ թե միայն վաճառվածի։ Այս մասին մամուլում Փաշինյան ընտանիքի հաթաթային արժանացած շատ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից անուղղակի ակնարկներ եղել են։ Չէ որ մինչ աշխարհը փոխելը պետք է փոխես ինքդ քեզ, ուրեմն՝ ճիշտ կլինի որ Մարիամ Փաշինյանը սկսի ներկայացնել «Հայկական ժամանակի» ֆինանսական գործունեության պատմությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )