Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների լույսն ու ստվերը

Փաշինյանի թիմում ամենայն հավանականությամբ սկսվել է «Փրկենք Նիկոլի ռեյտինգը» օպերացիան։ Եվ այդ «սուրբ գործին» լծվել է նույնիսկ Փաշինյանի աներձագ, «Իմ քայլական» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից բարձրանալու են կենսաթոշակները, որը վերաբերելու է 560 հազար քաղաքացու, բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձները, զինվորականները արդեն բարձր աշխատավարձ են ստանում եւ կառավարությունը միանգամից 1 ծրագրի շրջանակներում կլուծի 88-ի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դեյուրե արձանագրված են: Կհատկացվի 3 մլրդ դրամ: Այս ամենն իհարկե շատ լավ է, նույնիսկ այնքան, որ հիշել կարելի է նախկին իշխանությունների ժամանակ Հ1-յան լուրերի Հայաստանը, որը շատ ավելի հիշեցնում էր Շվեյցարիա, քան Հայաստան։ Այդուհանդերձ, խոսենք ըստ էության։ Նախ, աղետի գոտու հարցի լուծման հետ կապված հայտարարությունը, որն արել էր Վահագն Վերմիշյանը պարզվեց, որ մեղմ ասած «լեզվի սայթաքում» է։ Ինչպես միշտ մեղքը բարդվեց ԶԼՄ-ների վրա, որոնք սխալ են հասկացել ու սխալ մեկնաբանել Վերմիշյանի հայտարարությունը, որը մեջբերել է Հանրապետության թիվ մեկ աներձագը։ Այս մասին հարկ է, որ Հրաչյա Հակոբյանը կարդա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի անդրադարձը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի դիտարկումները։ Հարգելի իշխանական պատգամավորին ճիշտ կլինի հիշեցնել, որ Վերմիշյանի խոսքը վերաբերում է 450 ընտանիքի իսկ խնդիրը ամբողջ տարողությամբ վերաբերում է 2450 բնակեցված ժամանակավոր կացարանի, որոնց մասին Վերմիշյանը չի ասել։ Բացի այդ, նման հերոսական գրառումներից առաջ, պետք է նաեւ գրվեն հիմնավորումները, թե ինչ միջոցներով է նման բարձրացումներ արվելու։ Հայաստանը տնտեսական բում չի ապրում եւ չի կարող ապրել։ Ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական վիճակն էլ դրան չի նպաստում։ Նույնիսկ «կուլակաթափը» չի կարողանա օգնել։ Ուրեմն, որտեղից պետք է գտնել այն միջոցները, որոնցով այդ բոլոր թվարկածները իրականացնել։ Ճիշտ կլինի այս ամենի մասին խոսել այն ժամանակ, երբ նվազագույն աշխատավարձ ստացողները արդեն ռեալ ստանան իրենց բարձրացված աշխատավարձը եւ սկսեն վստահել։
