ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏԱԾ ԾՈՎԱԿԱԼՆԵՐԸ
Անկարայի դատարանը ազատ է արձակել այն տասը ծովակալներին, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին այն բանի համար, որ քննադատել էին Էրդողանի վարած քաղաքականությունն ու աջակցել Մոնթրյոյի կոնվենցիային։ Նրանց հանդեպ, որպես խափանման միջոց, կիրառել է չբացակայելու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը պահանջել էր կալանավորել ծովակալ Էրղուն Մենգիին, իսկ եւս իննին էլ տնային կալանքի ուղարկել։ Այս մասին հայտնում է NTV-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի չորսին 104 պաշտոնաթող թուրք ծովակալներ հանդես են եկել նամակով, որով Մոնթրյոյի կոնվենցիան համարել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակը, որով Թուրքիան վերականգնում է իր սուվերեն իրավունքները Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ։ Միաժամանակ նաեւ նրանք ոչ տեղին են համարել քննարկումներն այն մասին, որ պետք է վերանայել Մոնթրյոյի կոնվենցիան եւ կառուցել «Ստամբուլ» ջրանցքը, որը պետք է Բոսֆորին զուգահեռ գործի եւ միացնի Մարամա եւ Սեւ ծովերը։
