ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՕՐԱԿԱՆ 550 ԵՒ ԱՎԵԼԻ ՄԵՔԵՆԱ ԵՆ ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ
Վերին Լարսի անցակետում մեքենաների, բեռնատարների մեծ հերթ է գոյացել մի քանի օր առաջ եղանակային վատ պայմանների, ձյան պատճառով, սակայն արդեն մարտի 28-ից աստիճանաբար երթևեկությունը վերականգնվել է։
Այսօր երբ «Հրապարակը» զրուցեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ, նա նշեց, որ միայն Լարսի մաքսակետի հարակից տարածքում այդ պահին 6-7 կիլոմետր երկարությամբ հերթ է գոյացել։ «Դրանից բացի կուտակում կա Ստավրապոլի երկրամասից Վլադիկավկազ չհասած՝ շուրջ 15 կմ։ Այնուհետև կան կուտակումներ 2 տեղում, այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայից դեպի Օսետիա մտնող մեր սահմանին։ Գետ ունենք, Ուրուխ է կոչվում, այդ գետի շրջակայքում դարձյալ 20-25 կմ հերթ կա։ Այսինքն՝ այդ բոլոր հերթերը, որ մենք միմյանց գումարենք, պատկերացրեք՝ ինչ հերթ է գոյանում», – ասաց Թանանյանը։
Նրա խոսքերով՝ այդ հերթերի մեջ 15-20 տոկոսը հայկական մեքենաներն են։ «Առանձին հաշվել, թե հայկական քանի մեքենա կա, բավական բարդ է և գուցե անհնար նաև։ Մեզ մոտ շուրջ 2 հազար բեռնատար ունենք, որոնք միջազգային բեռնափոխադրում են իրականացնում։ Եթե մի ամիս կանգնել ենք, փաստորեն 1000-ը մնացել է սահմանի մի կողմում՝ Վրաստանում, մյուս մասը՝ Ռուսաստանում, եթե այսպես հաշվենք։ Կարելի է ասել շուրջ 1000 հայկական մեքենա Ռուսաստանի տարածքում է», – պարզաբանեց մաքսային կցորդը։
«Մաքսավորները մեծ տեմպով բաց են թողնում, օրական 550 և ավելի մեքենա յուրաքանչյուր ուղղությամբ։ Պարզապես այդքան մեքենա էլ գալիս-կպչում է հերթի պոչին։ ՉԷ՞որ այդ մարդիկ 1 ամիս չեն աշխատել և հիմա հնարավորինս արագ աշխատում են բեռնափոխադրում իրականացնել։ Այսինքն՝ մաքսակետը շուրջօրյա աշխատում է մաքսիմալ հնարավորության շրջանակներում։ Մեքենան մտնում է Վրաստան, գալիս է դեպի Հայաստան», – եզրափակեց նա։
«Կուտակումները որոշակի խնդիրներ են ստեղծում սահմանը հատելու արագության հետ կապված։ Թե չէ որևէ խնդիր չկա հիմա, ճանապարհը բաց է, եղանակային պայմանները նորմալ են Լարսում։ Ուղղակի այդ կուտակումներից ելնելով՝ մի քիչ ավելի դանդաղ են շարժվում», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։
Հարցին՝ իր տեղեկություններով քանի՞ մեքենա է այնտեղ կուտակված, պատասխանեց, որ բավականին արագ է թիվը փոխվում, կոնկրետ հնարավոր չէ ասել։ «Բայց մեր կարծիքով՝ 1-2 օրվա մեջ կուտակված մեքենաներ չեն լինի։ Եթե իհարկե եղանակային կտրուկ փոփոխություններ տեղի չունենան», – ընդգծեց նա։
Լարսի հատվածում մեքենաներ ունի նաև «Սպայկա» գյուղատնտեսական ապրանքներ արտահանող ընկերությունը։ Ընկերության նախագծերի գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են աշխատակիցներն այնտեղ ջրի, ուտելիքի հարց լուծում։ «Դե, փորձում ենք սնունդ ուղարկել վարորդներին։ Ինչքան որ հնարավոր է տեղում օգտակար լինել։ Հիմնականում վարորդները բոլորն էլ սնունդով են դուրս գալիս, որովհետև գիտեն, որ Լարսում այդպիսի վիճակ է լինում։ Պատրաստված են լինում։ Բայց եթե անհրաժեշտ է լինում, իրենք մեր դիսպետչերների հետ կապի մեջ են, ըստ անհրաժեշտության իրենց օգնություն ենք ուղարկում։ Հիմա, կարծես թե, կուտակումները թեթևանում են», – նշեց Բաղդասարյանը։
Ընկերությունը մեծ քանակությամբ փչացող ապրանք ունի և արդեն իսկ վնասներ է կրում։ «Հիմա վնասի չափերը դժվար է ասել, որովհետև պետք է ամփոփենք, որ հասկանանք։ Բայց որ վնասներ լինելու են, դա միանշանակ»։
Ինչ վերաբերում է կուտակման վերացման ուղղությամբ աշխատանքներին՝ «Սպայկա»-ի նախագծերի գծով մենեջերն ասաց, որ նման կուտակումների վերացման համար մոտ 3 օր անհրաժեշտ է լինում։ «Հիմա քիչ-քիչ մաքրվում է հերթը։ Կարևորն այն է, որ նորից չփակվի այդ վիճակում։ Վրաստանը թունել է սարքում, և 2023 թվականին պետք է բացվի։ Հարմարվենք, մինչ 2023 թվականին այդ թունելը բացվի, արդեն կվերանա այս խնդիրը», – հավելեց նա։
Հարցին, թե ազգամիջյան կռիվներ եղե՞լ են կապված թուրքերի, ադրբեջանցիների, թեկուզ վրացիների հետ, պատասխանեց, որ այսպիսի բաներ, հատուկ լարվածություն չկա։ «Սովորական հերթ է։ Մարդիկ լարված կանգնած են։ Հնարավոր է, որ նաև տարբեր խոսակցություններ լինեն։ Բայց ինչ-որ լարվածություն հենց ազգային հողի վրա, այդպիսի բան չկա։ Այդ նույն խոսակցությունը կարող է նաև հայ վարորդների միջև էլ լինել, եթե հերթ չզիջելու կամ իրար նեղություն տալու հարցեր լինեն։ Այնպես որ, չենք զգացել, որ հատուկ ինչ-որ լարվածություն կա», – ընդգծեց նա։
Բաղդասարյանը նաև գոհունակություն հայտնեց այդ հատվածում անվտանգության ապահովման հարցում։ «Վրացական իշխանությունները շատ ուշադիր են։ Ռուսաստանի կողմից էլ՝ ռուսական իշխանությունները։ Շատ ուշադիր են, ինչով կարողանում են, օգնում են։ Այդ առումով շատ պատասխանատու են վերաբերվում ամեն ինչին։ Այս շրջանում լինում են կուտակումներ, բայց սրա պես երկար, չենք հիշում որ լիներ», – եզրափակեց ընկերության նախագծերի գծով մենեջերը։
