Դուք հաստատո՞ւմ եք, որ 3 տարիների ընթացքում կա կոռուպցիա, կամայական մոտեցում, և բուրոկրատիա, բա երեք տարիների ընթացում Կառավարությունն ի՞նչ է արել, որ վերացնի. պատգամավորը՝ էկոնոմիկայի նախարարին

Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց հնչեցրեց, Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ  3.5 –ից 4 մլրդ ներդրումային պրոեկտների ցանկ կա, սակայն բյուրոկրատական քաշքշուկների պատճառով այդ պրեկտներն առաջ չեն շարժվում. «Անցել է մոտ երեք ամիս, որտե՞ղ են այդ ներդրողները և ներդրումային ծրագրերը, արդյոք ճի՞շտ է նորանշանակ նախարարի կողմից կառավարության նկատմամբ տրված այս խայտառակ գնահատականը, եթե այդպես չէ, ինչպե՞ս եք 3 ամիս այս նախարարի աշխատանքը հանդուրժում»:

Արմեն Եղիազարյանի հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ կարիք կա նախկին համակարգը փոխելու, որպեսզի առանց կոռուպցիոն բաղադրիչի ունենանք արդյունավետ աշխատող համակարգ:

«Այն աշխատանքային խմբերը, որոնք մենք ստեղծել ենք, զբաղված են նրանով որ վերացնեն բյուրոկրատական արգելքերը, որպեսզի ներդրողներն այլևս կախված չլինեն որոշումներ կայացնող մարդկանց կամայականություններից: Այս աշխատանքային խմբերն արդեն արդյունք են տալիս, և մենք շուտով կվայելենք այդ բյուրոկրատական արգելքների վերացումը»:

Անդրադառնալով հարցին՝ ո՞ւր են ներդրողները, Քերոբյանը հավաստիացրեց, որ շվեդական 25 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերությունն իր գրասենյակն է բացել Հայաստանում. «Երեկ հայտարարվեց, որ Կառավարության համաֆինանսավորմամբ և օժանդակությամբ ծիրանի ամենամեծ ինտենսիվ այգին է հիմնվելու Արտամետ համայնքում: Այսօր ստորագրել եմ փաստաթուղթ, որը 3 մլն դոլարանոց ջերմոցային տնտեսության ներդրում է անելու և այդպես ամեն օր»:

Արմեն Եղիազարյանը կրկին հարց հնչեցրեց. «Ձեր պատասխանից կարո՞ղ եմ փաստել, որ  հաստատում եք, որ այս 3 տարիների ընթացքում կա կոռուպցիա, կա կամայական մոտեցում և բուրոկրատիա, բա այս 3 տարիների ընթացում կառավարությունն ի՞նչ է արել, որ վերացվի, Դուք այս պահին փաստում եք, որ դեռևս կան գործոններ, որոնք խոչընդոտում են ձեր աշխատանքը»:

Քերոբյանը պատասխանեց, որ այժմ կոռուպցիա չկա, բայց կա նախկին կոռումպացված համակարգի դեռևս գործող տարրեր, որոնք թույլ են տալիս, որ որոշ չինովնիկների կամայական որոշում կայացնեն, որի արդյունքում ներդրողները պրոբլեմ են ունենում. «Արվել է մեծ քանակի աշխատանք, բայց դա չի նշանակում, որ նախկին ամբողջ համակարգը արմատախիլ է արվել և իր տեղը ներդրվել է ամբողջապես արդյունավետ գործող մեխանիզմ: Իմ գործառույթներից ամենակարևորն է ստեղծել այն միջավայրն, որի մեջ ներդրողն իրեն լավ կզգա»,-ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )