ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷՐ 50/50, ՀԻՄԱ ԷԼ ԵՐԵԽԵՔԻ ԿՅԱՆՔՆ Է ԱՐԴԵՆ 50/50. ԱԿՑԻԱ՝ ՊՆ-Ի ՄՈՏ
Որ հիմա էս երեխեքին դատում եք, մինչեւ հիմա դուք ու՞մ եք դատել, ասեք ինձ իմանամ, ու՞մ։ Էդ հրամանատարներից ու՞մ եք դատել, էդ գեներելաղներից ու՞մ եք դատել, որ երեխեքին խրամատների մեջ թողել են ու փախել, այ դասալիքը իրենք են ,ոչ թե մեր երեխեքը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ ՊՆ շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։
«Դուք պետք է խոնարհվեք մեր ու մեր երեխեքի առաջ։ Մեկ-մեկ էլ գրում են՝ պիտի գնա հայրենիքը պահի, բա պահեիք, դուք պահեիք, պահողներիս տեսեք մի հատ։ Հենց հա, թող դատեն, ավելի լավ է գնան չորս պատի մեջ ապահով նստեն, բայց իմանամ իմ երեխեն հետ է գալու։ Նախկինների ժամանակ ամեն ինչն էր 50/50, կաշառքը և այլն, հիմա արդեն մեր երեխեքի կյանքն է 50/50։ Դե կներեք, էլի»,- ասաց ծնողը։
Հիշեցնենք՝ Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ ՀՀ ՊՆ N զորամասում փետրվարի 23-ին տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
