Կճոյանի գործով ամիսներ շարունակ ոչինչ չի կատարվում

Առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեջ մեղադրվող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դեռեւս մեկ անգամ է հարցաքննվել, այս ընթացքում այլ քննչական գործողություններ իր մասնակցությամբ չի կատարվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը։
Նա նշեց, որ նախաքննությունը նորմալ է ընթանում, իր պաշտպանյալի մեղադրանքը շարունակում է նույնը մնալ։
Գործով անցնող Աշոտ Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանն ասաց, որ որեւէ գործողություն չի կատարվում։
«Դատաձեռագրաբանական փորձաքննությունից հետո ոչինչ չի կատարվել։ Դրա եզրակացությունը եկել է փետրվարին, որից հետո Կճոյանին մեղադրանք է առաջադրվել։ Երբ ինքն ազատվեց, դրանից հետո եկավ այդ եզրակացությունը, որ ինքը ոչ թե Աշոտ Սուքիասյանի կողմից կեղծված են, այլ այդ ստորագրությունները կատարված են Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի կողմից։ Իմ պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ այդ ստորագրություններն իր կողմից են կատարվել, նրանք տեղյակ չեն։ Քանի որ իր մոտ անձնագրի պատճենն էր, 6 տարի առաջ երբ փորձաքննություն են արել, չեն կարողացել ստորագրությունների նույնականացում անել, բայց ես գործեր ունեմ, որ պատճենից չեն կարողանում նույնականացում անել, սա բացառիկ դեպք է, որ արել են եւ պարզել, որ սա կատարվել է Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի կողմից»,-ավելացրեց նա։
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին, որը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարարի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերվել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, շարք անշարժ գույքեր և գրավադրվել են բանկերից մեկում։ Բանկից ստացել են շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ՝ խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )