Խաղողի համար չենք կարող մեր աշխատակիցների կյանքը վտանգել․ Չորաթանում այգիները չորանում են

Չորաթան գյուղի խաղողի այգիների 50%-ը դեռ 1990-ական թվականներին մնացել է չեզոք գոտում եւ վերացել։
Այժմ գյուղի խաղողի այգիների 24 հեկտարը գտնվում է 300-400 մետր հեռավորության վրա՝ թշնամու դիրքերից։ Ժամանակին էլ է այդ հեռավորությունը եղել, բայց հիմա այս լարված իրավիճակում հնարավոր չէ այգիները մշակել։ Չնայած դրան՝ գյուղացիները փորձում են փրկել իրենց վերջին ապրուստի միջոցը, բայց ապարդյուն։
«Մեր այգիներին արդեն էլ ջուր չի հասնում։ Խնձորուտ գետը, սահման հասնելով, լցվում է համանուն ջրամբարը եւ ջրում է թշնամու այգիները, մեր հողերը թողնելով ծարավ։ Չորաթան գյուղի խաղողի այգիները վերացման եզրին են»,-նշում են գյուղացիները։
Տավուշի ջրօգտագործողների ընկերության պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վիճակն այնքան կատաստրոֆիկ չէ, ինչքան ներկայացրել են բնակիչները․
«Աշխատանքներ են տանում, համայնքի ղեկավարի հետ համագործակցում ենք, խնդիր չկա, որ այդպես ներկայացրել են։ Այն խնդիրները, որոնք լուծելի են, լուծվում են։ Ջրի հետ կապված որեւէ խնդիր չկա, ջրագիծ է վնասվել։ Ինքն առաջնագիծ է, սահմանին խիստ կպած է։ Մի քանի հեկտար խաղողի այգու համար չենք կարող մեր աշխատակիցների կյանքը վտանգի տակ դնել։ Զինվորական ուժերի հետ համագործակցության արդյունքում ճշտենք, որ այդ հատվածն անվնաս է, որ կկարողանան մեր աշխատակիցները մոտենան, վթարը վերացնել»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )